Բացել լրահոսը Փակել լրահոսը
72432189_493831291469726_1753195140442226688_n (1)
A A
Քաղաքականություն

«Սա լուրջ աշխարհաքաղաքական զարգացում է․ այն կարելի է անվանել թուրք-քրդական պատերազմ» (տեսանյութ)

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այս պահին Սիրիայի Ղամիշլի քաղաքում գտնվող հայերի տարհանման անհրաժեշտություն չկա։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։

«Կառավարությունը կարող է և պետք է ձևավորի Սիրիայի հայաբնակ այդ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ հանձնաժողով։ Նույն խնդրով պետք է զբաղվի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի մշտական հանձնաժողովները: Այս մարմինների առաջնային խնդիրը պետք է լինի մշակել ու իրագործել մեր հայրենակիցների՝ Սիրիայից տարհանման ծրագիր»,- գրել էր Արման Բաբաջանյանը։

«Արման Բաբաջանյանի մտահոգությունը կիսում եմ, մեր հայրենակիցները դժբախտաբար հայտնվել են հերթական ռազմական գործողությունների կրակի օղակի մեջ։ Մեր պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի հայության անվտանգությունը ապահովելու համար։ Հայերը հիմնականում կենտրոնացված են Ղամիշլիում, շուրջ 3000 հոգի կա, բայց ԱԳՆ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրանց որևէ վտանգ չի սպառնում և տարհանման անհրաժեշտություն չկա»,-ընդգծեց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորի խոսքով՝ այն բնակավայրերը, որտեղ բնակվում են հայերը, վերահսկվում են Սիրիայի կառավարական ուժերի կողմից և ըստ այդմ՝ տեղի հայությունը անվտանգ միջավայրում է։ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ միայն տեսականորեն է հնարավոր, որ թուրքական զորամիավորումները առաջխաղացում ունենան դեպի այդ հատվածները։

«Ըստ էության, թուրքերի խնդիրն է Սիրիայի հյուսիս-արևելյան սահմանագծի երկայնքով ռազմական գործողություն իրականացնել, այսինքն այն հատվածներում, որոնք առավելապես քրդաբնակ են։ Կարծում եմ, որ նրանք չեն առաջանա մինչև այն հատվածները, որոնք վերահսկվում են Սիրիայի կառավարական ուժերի կողմից, որովհետև ակնհայտ կլինի, որ այն թուրք-սիրիական պատերազմ է, իսկ հիմա Թուրքիան հիմնավորում է, որ ռազմական գործողությունները պայմանավորված են ահաբեկիչների դեմ պայքարով։ Ինչպես տեսնում ենք, սա համաձայնեցված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ովքեր Սիրիայի տարածքում գլխավոր գործող դերակատարներն են»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ քրդերի դեմ պայքարը բխում է Թուրքիայի ռազմավարական անվտանգության շահերից։

«Սա լուրջ աշխարհաքաղաքական զարգացում է, և այն կարելի է անվանել թուրք-քրդական պատերազմ, բայց մյուս կողմից Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ Սիրիայի տարածք մտցնելով զորքեր, բայց ինչպես տեսնում ենք, Սիրիայի կառավարական ուժերի և թուրքական գործողություններն իրականացնող կոնտինգենտի միջև ուղիղ շփում և բախում չկա»,- նկատեց պատգամավորը։