Բացել լրահոսը Փակել լրահոսը
72558915_2763315073699202_7616755321247105024_n
A A
Քաղաքականություն

«Մեր հայրենակիցները մի քանի օր է ապրում են ֆիզիակական ոչնչացման վտանգի պայմաններում»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս օրերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում ռմբակոծությունների ու կրակահերթերի տակ են հայտնվել նաև քաղաքներ, որոնցում բնակվում են հայ ընտանքիներ: Այս պահին տեղեկություններ կան նման երկու քաղաքների՝ Թել Աբյադի ու Կամիշլիի մասին, որոնցում տարբեր տվյալներով գտնվում են շուրջ երկու տասնյակ հայ ընտանիքներ:

Մեր հայրենակիցները փաստորեն արդեն մի քանի օր ապրում են ուղղակի ֆիզիակական ոչնչացման վտանգի պայմաններում: Ստեղծված իրավիճակում ամեն ժամը ավելի է մեծացնում այդ վտանգը: Մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի:

Կառավարությունը կարող է և պետք է ձևավորի Սիրիայի հայաբնակ այդ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ հանձնաժողով, նույն խնդրով պետք է զբաղվի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի մշտական հանձնաժողովները: Այս մարմինների առաջնային խնդիրը պետք է լինի մշակել ու իրագործել մեր հայրենակիցների՝ Սիրիայից տարհանման ծրագիր: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք մեր հայրենակիցներին առ այն, որ հայրենիքը պատրաստ է ընդունելու նրանց և այդ ուղղությամբ գործնական քայլեր է կատարում:

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործությունները շարունակվելու են: Շատ հավանական է, որ առաջիկայում դրանք տարածվեն նաև այլ քաղաքներում, որտեղ հայ բնակիչներ կան: Դա նշանակում է, որ այս ուղղությամբ աշխատանքն առաջիկայում ևս անհրաժեշտ է լինելու: Կոչ եմ անում կառավարությանը՝ անհապաղ զբաղվել այս խնդրով՝ դրանում ներգրավելով բոլոր պատկան մարմիններին, նաև Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովներին»: