Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հրաժարվում են թոշակ-նպաստից ու ապավինում սեփական աշխատասիրությանը.Լերմոնտովոյի էթնիկ գույները (տեսանյութ)

Ծովի մակերևույթից 1825 մետր բարձրության վրա է գտնվում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղը՝ 1840-ին հիմնադրված գյուղն սկզբում Վոսկրեսենովկա էր կոչվում: Այստեղ են աքսորվել Ռուսաստանի Տամբովի մարզի մոլոկանների 7 ընտանիքներ՝ այլադավանության համար: Ի դեպ, Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի տվյալներով, մոլոկանների առաջին սերունդների՝ Կովկասում վերաբնակեցումն սկսվել է Կասպյան ավազանում՝ Ղարաբաղի պրովինցիայում՝ Կըզըլ Կիշլակ բնակավայրում՝ 1830-ին:

Աքսորված ընտանիքների սերունդներն էլ ձևավորել են Լերմոնտովոյի բնակչության կազմի շուրջ 80%-ը, 15 %-ը հայերն են, 5 %-ը եզդի  Ասադովների շառավիղները: Մոլոկանները բարեհամբույր են, բայց տեսախցիկի հետ այնքան էլ հաշտ հարաբերությունների մեջ չեն: Նադեժդա Պոլյանսկայայի հետ ենք զրուցում, սկզբում խուսափում է տեսախցիկից, հետո շարունակում՝ կաթի գինն է շատ էժան:

200 դրամով ենք վաճառում: Հարևան Մարգահովիտից կաթ հավաքող մեքենան գալիս, հավաքում է 120 դրամով: Աշխատում ենք ու ապրում, չաշխատենք, չենք էլ կարողանա գոյություն պահել: Հայերի ու եզդիների հետ խաղաղ ապրում ենք: Ինչու՞ անհաշտ լինենք, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ նույն երկրի վրա ենք ապրում: Խանութում հրաժարվում են զրուցել մեզ հետ: Մեկ՝ թե դեմ է մեր հավատքին, մեկ էլ՝ թե պարզապես չենք ուզում տեսախցիկի առջև խոսել: Խորհուրդ են տալիս գնալ դպրոց, միգուցե մեր հարցերին այնտեղ պատասխանեն: Հեռվից տեսախցիկը նշմարելով, ձիասայլով ռուս պատանին կախում է գլուխը, որքան մոտենում է՝ այնքան գլխարկով փակում դեմքը՝ որ չնկարահանվի: Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի բակում մեզ դիմավորում է տնօրեն Վահան Հովսեփյանը: Լերմոնտովոյից է:

1995-ից տնօրենն է: «Սովորական դպրոց է մեր դպրոցը, պարզապես՝ ինտերնացիոնալ»,-ասում է նա: Հովսեփյանի խոսքով՝ մոլոկաններն ունեն տոներ, որոնց ժամանակ երեխաներին դպրոց չեն ուղարկում: Առաջիկայում Կուշչին է՝ բերքահավաքի տոնը, փառաբանելու են բարձրյալին, որ այս տարի էլ իրենց առանց բերքի չթողեց: Ծնողներին փորձում են բացատրել, որ երեխաներին չզրկեն կրթության իրավունքից:

Մանրամասները՝ տեսանյութում: