Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Հասարակություն

Ահաբեկչին, մարդասպանին չենք կարող փոխանակել անմեղ մարդկանց հետ․ Արցախի նախագահի խոսնակ

Ադրբեջանական «Ռեպորտ» տեղեկատվական գործակալությունը սեպտեմբերի 18-ին գրել էր, որ Ադրբեջանը միջազգային կառույցների միջոցով առաջարկել է Հայաստանին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակում։ Նշվել էր նաև միջազգային դիտորդների միջնորդությամբ երեք օրվա ընթացքում զոհվածների դիերի փոխանակման մասին։ 

Այս մասին, «Ռեպորտ»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 18-ին հաղորդագրություն էր տարածել Ադրբեջանի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի  մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի հայտարարությանը։

«Ադրբեջանի քաղաքականությանը շատ լուրջ է պետք  վերաբերվել, և այսպիսի քայլերը շատ վտանգավոր են։ Նախ մենք երբեք ահաբեկչին, մարդասպանին չենք կարող փոխանակել անմեղ մարդկանց հետ։ Այդ մարդկանց Ադրբեջանն առանց այդ էլ պարտավոր է բաց թողնել՝ բոլոր միջազգային նորմերի, կոնվենցիաների, մարդասիրական իրավունքի դրույթների համաձայն։ Բայց ինքը շահարկում է դա»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ առաջին հերթին Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն ահաբեկիչներ են, և նրանց մեղքն ապացուցվել է բաց դատավարության ժամանակ, որին ներկա են եղել միջազգային բազմաթիվ դիտորդներ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Երկրորդը, նրա խոսքով, Ադրբեջանը նման դիմում միջազգային կազմակերպություններին ուղարկել է սեպտեմբերի 11-ին։ 

«Հասկանո՞ւմ եք, սա ցինիզմ է, այսինքն՝ սեպտեմբերի 11-ը նույնացվում է ահաբեկչության դեմ պայքարի օրվա հետ, այդ արատի դեմ պայքարի հետ։ Ոչ ոք չի խոսում, բոլորը պապանձված են, այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանները, կազմակերպությունները․ առհասարակ քար լռություն է տիրում»,- շարունակեց նա։

Մամուլի խոսնակն ասաց, որ Ադրբեջանը կարող է հայ ազգից պատանդներ վերցնել՝ պետական, հասարակական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ ու փորձել շանտաժ անել, այսինքն՝ ահաբեկչության մի նոր ալիք է կարող բարձրանալ․ «Մենք երբևէ չենք քննարկելու ահաբեկիչներին, նամանավանդ՝ դատապարտվածների  հետ անմեղ մարդկանց փոխանակումը»։

Հարցին, իսկ եթե դա դիտարկվի զուտ մարդասիրական տեսանկյունից, մեր գերիներին վերադարձնելու և կյանք փրկելու տեսանկյունից, նա պատասխանեց, որ հասկանում է բարոյական ու զգացմունքային բաղադրիչը

«Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր գերիները վերադառնան այդ երկրից։ Բայց եթե մենք քայլ կատարենք այդ ուղղությամբ, հետևանքները լինելու են շատ ավելի սարսափելի։ Ռամիլ Սաֆարովի պես  Գուլիևին և Ասկերովին հերոսացնելու են, միջազգային հանրությունը և մարդու իրավունքների պաշտպանները չեն խոսելու, պապանձվելու են։ Դրանով Ադրբեջանը շարունակելու է թունավորել հասարակությանը՝ նրանց օրինակով դաստիարակելով ահաբեկիչների նոր սերունդ։ Ցականյանի ծնողների աչքերին ինչպե՞ս պետք է նայենք։ Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին բաց թողնել։ Մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ ավելի սերտ, որպեսզի նրանք ազատ արձակվեն։ Ադրբեջանական կողմը պարտավոր է բաց թողնել, որովհետև մենք միշտ բաց ենք թողել այդ կատեգորիայի մարդկանց առանց որևէ նախապայմանի, որովհետև սա է մարդասիրությունը»։ 

Դիտարկմանը, որ եթե հասարակության համար նույնպես ընդունելի լինի՝ հաշվի առնելով մարդասիրական կողմը, դրանով կյանք է փրկվում՝ մի կողմ դնելով իրավաչափությունը։  Բաբայանն ի պատասխան որպես օրինակ նշեց, թե վաղն էլ ադրբեջանցի դիվերսանտները կարող են գալ, Երևանում կամ Ստեփանակերտում ահաբեկչական ակտ գործել, հարյուրավոր մարդիկ զոհվեն, դատապարտվեն այդ ահաբեկիչները, հետո նորից Ադրբեջանը փոխանակում առաջարկի․

«Դուք համաձայնվելո՞ւ եք հետ տալ․ հարց է ծագում։ Եթե Դուք այդ ձև եք մեկնաբանում, Դուք բացում եք Պանդորայի արկղը։ Բերելու է սարսափելի երևույթների»։

Նա նշեց, որ այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ կարևոր հայտարարություն է արել գերիների փոխանակման հարցով՝ նշելով, որ դա  Արցախի սուվերեն որոշման խնդիրն է։ Նրա խոսքով՝ Տոնոյանը ստիպված է եղել հանդիպել Կարմիր խաչի ներկայացուցչի հետ, որովհետև այդ գրությունը եկել է Երևանին։ 

«Դրանով Ադրբեջանը ևս մեկ քաղաքական և բարոյական  ահաբեկչություն է ցանկացել իրականացնել Արցախի դեմ․ դրանով նա փորձել է ցույց տալ, որ չկա Արցախի պետականություն, Արցախ գոյություն չունի, այն Հայաստանի կողմից օկուպացված տարածք է։ Եվ շատ լավ է, որ պարոն Տոնոյանը փաստորեն ասաց և պատասխանեց, որ սա Ստեփանակերտի սուվերենության մեջ է մտնում՝ դրանով փակելով նման զարգացումները»,- կարևորեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական կողմում են գտնվում 2018 թվականի հուլիսի 15-ից՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը, այս տարվա օգոստոսի 12-ից՝ ժամկետային զինծառայող, Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը։ 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանի մասով որևէ թարմ տեղեկություն առկա չէ։ Բաղդասարյանի մասով Բաբայանն ասաց, որ տեղեկության համար դիմենք համապատասխան մարմիններին։ Ո՛չ Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը, ո՛չ Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն չունեին Բաղդասարյանից։

Իսկ Արցախ Հանրապետության Շուշիի բերդում ադրբեջանական կողմից լրտեսության և սպանության համար իրենց պատիժ են կրում Շահբազ Գուլիևը (22 տարի) և Դիլհամ Ասկերովը (ցմահ՝ դիվերսիայի ընթացքում 17-ամյա Սմբատ Ցականյանին է սպանել)։