Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դեռևս երկու հայ պատանդ է Ադրբեջանում

Ադրբեջանում 2017 թ. հունիսի 20-ին պատանդի կարգավիճակով հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանն այսօր հայրենադարձվեց:

Այսօր ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո ՀՀ-ն իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին  Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:

Ադրբեջանում ներկայումս կա երկու հայ պատանդ

«Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ ներկայումս Արբեջանում կա երկու հայ, որոնք դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից:

 Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը չէր համաձայնվի մյուս երկու պատանդներից որևէ մեկի հետ փոխանակում կատարել, քանի որ նրանց ադրբեջանական դատարանը ազատազրկման էր դատապարտել:

2018 թվականի հուլիսի 15-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը  հայտնվել էր Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացվել որպես դիվերսանտ: Անուհետև Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 2019 թ.  փետրվարի 27-ին նրան դատապարտել էր  20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար» :

ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ղազարյանի՝ զինված ուժերի զինծառայող լինելու հանգամանքը: Անդրադառնալով Ադրբեջանում Կարեն Ղազարյանի դատավարությանը՝ ադրբեջանագետն ասաց.  «Իրեն ներկայացրել էին որպես դիվերսանտ, սակայն նա քաղաքացիական անձ է և Զավեն Կարապետյանի պես պատանդ: Ադրբեջանի բնորոշմամբ՝ շատ վտանգավոր դիվերսանտ է, որն ուզում էր Ղազախի շուկան պայթեցնել ու ևս մի քանի օբյեկտներ»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունները դատավարություններ բացեցին,  ներկայացում սարքեցին, հասկացան, որ կիկսեր են թույլ տալիս, մի ձև փակեցին-գնաց: «Որպես վկա ներգրավված էր Ղազախի շուկայի տերը, որն ասում էր՝ «Ինձ ասել են, որ այս մարդն այսպիսի բան էր նախապատրաստվում անել»»,- դատավարության դրվագներից մեկին անդրադարձավ փորձագետը: 

«Մի խոսքով՝ կիկսերով դատավարություն էր, տեսան, որ ոչ մի ռեալ փաստ չկար, որ ներկայացնեին, բռնեցին-փակեցին. ահաբեկչություն, սահամադրական կարգի, Ադրբեջանի դեմ հանցագործություն ու էդպես»:

Մյուս պատանդը՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Արսեն Բաղդասարյանն է: Նա նույնպես ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացվել էր որպես դիվերսանտ ու նույն դատարանի կողմից  դատապարտվել 15 տարվա ազատազրկման: 

«Մեր տվյալներով՝ Արսեն Բաղդասարյանը եղել է զինվորական, բայց գերի ընկնելուց առաջ իր վարքի համար հեռացվել է բանակից, այսինքն՝ հայկական կողմն է ասել, որ նա զինվորական չի եղել, ուղղակի գերի է ընկել»,- նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը, Հովհաննիսյանի փոխանցմամբ, այն ժամանակ  Բաղդասարյանի մասով հայտարարություն էր տարածել, որ նա արցախա-ադրբեջանական սահմանին է եղել և ականներ դնելու ժամանակ է գերեվարվել:

Զավեն Կարապետյանի դեպքում դատական գործ չենք տեսել. «Իրեն ուղղակի բռնել ու հայտարարել են դիվերսանտ: Երկու տարի պահել են ու տեղեկատվություն հայկական կողմը չի ունեցել»:

Իսկ Ադրբեջանից ովքե՞ր կան հայկական կողմում

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ Արցախում ներկայումս  երկու ադրբեջանցի զինծառայող կա դատապարտված.  դիվերսանտներ՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը: Նրանք երեքով են եղել, երրորդը՝ Հասան Հասանովը սպանվել է:

«2014 թ. հունիսին զինված մտել են Քելբաջար:  Մինչև հուլիս մնացել են սարերում, հետո Վարդենիսի կողմում նկարահանումներ են արել, նաև Գյանշակի ու Չոփռլուի զորամասերն են նկարահանել»,- նշեց փորձագետը:

 Դիվերսանտների խումբը գերի է վերցրել ու սպանել Քարվաճառի մոտակա գյուղի բնակիչներից 17-ամյա Սմբատ Ցականյանին: Հասան Հասանովին  ԼՂՀ ոստիկանության և զինված ուժերը համատեղ վնասազերծել են հուլիսի 11-ին՝ Քարվաճառից դեպի Ադրբեջան փախուստի ճանապարհին: Մինչ սպանվելը, Հովհաննիսյանի փոխանցմամբ, դեպի Քարվաճառի զորամասը գնացող  ճանապարհներից մեկին  հրազենով կրակել է բեռնատարի վրա՝ սպանելով մայոր Սարգիս Աբրահամյանին ու վիրավորելով նրա կողքին նստած  Կարինե Դավթյանին:

Մյուս երկու դիվերսանտների ցուցմունքների համաձայն` Հասանովը գործուն մասնակցություն է ունեցել նաև խմբի կողմից առևանգված Ցականյանի սպանության գործում:

Նրանց հայտնաբերելու ուղղությամբ իրականացված օպերացիայի ընթացքում Հասանովը սպանվել է, ու դիակը հայկական կողմը փոխանցել է Ադրբեջան:  Նրանք լրտեսության ու սպանության համար են դատապարտվել՝ Գուլիևը 22 տարի, իսկ Ասկերովը՝ ցմահ՝ Ցականյանին սպանելու համար:

Ադրբեջանագետն ասաց, որ ներկայումս մեկ այլ ադրբեջանցի  զինվորական Էլնուր Հուսեյնզադեն ինքնակամ է եկել ու հանձնվել հայկական կողմին:

Նա  2017 թվականի  փետրվարի 1-ին ապօրինաբար Արցախի կողմից  խախտել էր սահմանը.  «Դիվերսանտ չէր, ինքն էր եկել հանձնվել հայկական կողմին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Արցախի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված  Հուսեյնզադեն պատիժը կրելուց հետո՝ 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: «Բանտից դուրս եկավ, ու իրեն պետք է իր կամքով փոխանցեին երրորդ երկրի, քանի որ Ադրբեջան վերադառնալուց հրաժարվել էր: Փոխանցման գործընթացի վերաբերյալ տեղեկություն չունեմ, քանի որ փակ է լինում»,- եզրափակեց մեր զրուցակիցը: