Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ՍՊԱՅԻՆ

Պաշտոնական

ՀՀ Արտգործնախարարության հայտարարությունը

2004թ. փետրվարի 19-ի վաղ առավոտյան ժ. 5:30-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվել է դասընթացին մասնակցող ադրբեջանցի սպայի կողմից: Ոճրագործը մահափորձ է կատարել նաեւ ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել է:

Մարդասպանն անմիջապես ձերբակալվել է Հունգարիայի ոստիկանության կողմից: Վիեննայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները գտնվում են Բուդապեշտում՝ ոճրագործության մանրամասները տեղում պարզելու նպատակով:

Այս հանցագործությունը տրամաբանական հետեւանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի եւ վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետեւողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը:

Ակնհայտ է նաեւ, որ նման պետական քաղաքականությունն անցել է այն եզրագիծը, որից այն կողմ արտասահմանում Ադրբեջանը ներկայացնող պաշտոնական անձինք սառնասրտորեն մարդասպանություն են գործում:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն իր խոր զայրույթն է հայտնում եւ խստագույնս դատապարտում այս դաժան արարքը, ակնկալելով, որ համապատասխան միջազգային կազմակերպություններն անարձագանք չեն թողնի այս ոճրագործությունը եւ համարժեք գնահատական կտան կատարվածին:

Միաժամանակ պահանջում ենք հունգարական իշխանություններից ոճրագործին պատժել օրենքի ամենայն խստությամբ:

Նման հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը։