Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Հասարակություն

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի խնդրին

Ադրբեջանական «Ռեպորտ» տեղեկատվական գործակալությունը սեպտեմբերի 18-ին գրել էր, թե Ադրբեջանը համապատասխան միջազգային կառույցների միջոցով առաջարկել է Հայաստանին փոխանակել գերիներին ու պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նշվել էր նաև միջազգային դիտորդների միջնորդությամբ երեք օրվա ընթացքում զոհվածների դիերի փոխանակման մասին։ 

Այս մասին, «Ռեպորտ»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովը` սեպտեմբերի 18-ին։ 

Պաշտպանության նախարարության շենքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Լիբանանի իր գործընկերոջ՝ Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին։

«Ես երեկ հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչի հետ։ Ինձ պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։ Քննարկման որոշ խնդիրներ կան, որոնք որ ես բացահայտել չեմ կարող»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ հավելյալ որոշ տեղեկություններ կան ճշտելու և երբ որ ադրբեջանական կողմից դրանք ստացվեն, արձագանք կլինի։ Գերատեսչության ղեկավարը նաև ասաց, որ հայկական կողմն աջակցելու է Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձման գործընթացին։

«Սա մաքուր, հումանիտար գործողություն է․․․ Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում։ Եվ դա ճիշտ մոտեցում չէ, առնվազն՝ Պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի Հայաստան վերադարձնեմ իմ քաղաքացիներին»,- նշեց նա։ 

Հնարավոր փոխանակման մասով Տոնոյանն ասաց, որ չի բացառում, սակայն դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է։

Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական կողմում են 2018 թվականի հուլիսի 15-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը, այս տարվա օգոստոսի 12-ին ժամկետային զինծառայող, Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։

Արցախի Շուշի բերդում լրտեսության և սպանության համար իրենց պատիժ են կրում Շահբազ Գուլիևը (22 տարի) և Դիլհամ Ասկերովը (ցմահ՝ դիվերսիայի ընթացքում 17-ամյա Սմբատ Ցականյանին է սպանել)։