Բացել լրահոսը Փակել լրահոսը
69849616_1268448096670160_2200158243609640960_n
A A
Հասարակություն

Արճիսում որոշում են ջրի ժամանակավոր մատակարարման հարցը (լրացված)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներն առավոտյան 8։30-ից փակել են Տավուշի մարզի մայրուղու գլխավոր հատվածը։

«Ա1+»-ը խնդրի վերաբերյալ զրուցել է Արճիս համայնքի ավագանու անդամ Արամայիս Մկրտումյանի հետ։ 

Վերջինը նշեց, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, բնակիչների հետ տեղանքում ջրագծի վրա աշխատելու համար ամենահարմար տարբերակն են փնտրում։ 

Նրա խոսքով՝ մարզպետարանից խոստացել են ժամանակավոր ջրամատակարարում ապահովել, որպեսզի գոնե մինիմալ պայմաններն ապահովվի բնակչության համար։ Համայնքի բնակիչները, ըստ Մկրտումյանի, ցանկացած տեղ գնալիս ջրի տարա են իրենց հետ տանում, որ տուն վերադառնալիս ջուր բերեն։

«Միջհամայնքային սնուցումը, որն ապահովում է մագիստրալը, մեր գյուղի մոտով է անցնում, այգիների միջով է անցնում։ Դրանից է համայնքը ժամանակավորապես օգտվելու», անդրադառնալով խնդրի ժամանակավոր լուծմանը՝ ասաց նա։  

Հանդիպման վերջնական արդյունքների վերաբերյալ Արամայիս Մկրտումյանը հետագայում կապ կհաստատի «Ա1+»-ի հետ։ 

Ավելի ուշ Մկրտումյանը «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ քննարկումն ավարտվել է, գյուղով պտտվել, նայել են և հնարավոր ջրագծի ու ջրամբարի հավանական շինարարական ծախսերը հաշվարկվել են։  

«Ժամանակավոր մատակարարման համար ընդհանուր ջրագծից գյուղին սնուցող ջրատար է հանվելու, այսպես ասած, մեծ չափի աղբյուր, որտեղից բնակիչները կկարողանան ջուր վերցնել։ Դրվելու է ջրաչափ, լինելու է համայնքապետարանի վերահսկողության ներքո․ այն վերահսկող աշխատակից է լինելու։ Օրինակ՝ կորոշվի ընտանիքին տրվելիք ջրի քանակը, ենթադրենք՝ օրական 1 տոննա ջուր, դրա դիմաց գանձվելու է 100 դրամ, կամ 200 դրամ, կախված նրանից, թե ջրի սակագինը որքան կլինի։ Սակագինը սահմանելու է «Վեոլիա Ջուր» ընկերությունը»,- մանրամասնեց Մկրտումյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ մարզպետը կարգադրել է մինչև վաղն արդեն այդ աշխատանքներն իրականացնել։

«Մի 5-10 տուն կարող է լինել, որ ջրագծին մոտիկ են եղել ու բաժանորդագրվել են, սեփական միջոցներով մագիստրալ են քաշել իրենց տների համար»,- ընդգծեց նա։ Վերջինս համաձայն չէ մարզպետի ասած 100 միլիոն դրամ ծախսի հետ,  և իր կարծիքով՝ ավելի քիչ գումարով է հնարավոր ծրագիրն իրականացնել։

Ջրի խնդիրը գյուղում առկա է դեռևս Խորհրդային ժամանակներից։

Հարցին, թե նախկինում բնակիչներն ինչպե՞ս են հոգացել ջրի հարցերը, Մկրտումյանն ասաց, որ գյուղապետ Դավիթ Վերանյանի նախաձեռնած հասարակական աշխատանքերով նախկինում անտառից են ջուրը բերել, Երևանից խողովակներն են բերել, մոտ մեկ կիլիմետր  երկարությամբ փորել են, տեղադրել ու անտառից ջուրը բերել։ Այնուհետև ջուրը հավաքել են մի մագիստրալի մեջ ու բերել գյուղ, վայրկյանում 1,5 լիտր եկող ջրից օգտվել է մոտ 150 ընտանիք, հետագայում անտառը չորացել է, և այսպիսի խնդրի առջև են կանգնել։

Եվս 200-300 ընտանիք օգտվել է մագիստրալի մեկ այլ հատվածից։ Նաև հավելեց, որ վերջին ժամանակներում արդեն 50 օրը մեկ, 2 ամիսը մեկ էր լինում  կուտակումը, ինչն արդեն բավական չէր, ու ջուրը խմելու համար պիտանի չէր։ 

«Մեր գյուղում չկա որևէ տզրուկ կամ խուլիգան։ Մեր գյուղում բոլորն աշխատում են։ Տարածքում սարի գլխին կանգնել ենք, մարզպետը նայել է, որտեղ չոր է, որտեղ ցամաք է, որտեղ մի կաթիլ ջուր չկա, այդտեղ բնակիչը գործ չի արել, քանի որ եկամուտ չի կարողանում ստանալ, ծառը չորանում  է, ջրազուրկ է։ Որտեղ գոնե մի լիտր, մի դույլ ջուր է հասնում, արդեն այգի սարքած է»,- շարունակում է Արամայիս Մկրտումյանը։

Նա նշեց, որ Տավուշի մարզպետն ասել է, թե իր համար հիմնախնդիր է Արճիսն ապահովել ոռոգման ջրով․

«Քանի որ ժողովուրդը պետք է կարողանա աշխատել»։