Բացել լրահոսը Փակել լրահոսը
YEREVAN.00_16_58_11.Still025
A A
Հասարակություն

Հստակ պատասխան չեն ստացել. որսորդները կրկին բողոքի ակցիա էին անում (տեսանյութ)

Հայաստանի որսորդները այսօր կրկին հավաքվել էին՝ իրենց բողոքը ներկայացնելու կառավարության այն որոշմանը, համաձայն որի՝ որսի համար լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ։ Որսի օրերն էլ կրճատվում են, միայն հանգստյան օրերին է թույլատրվում որս անել։

Որսորդներն այսօր  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հետ են հանդիպել, սակայն հստակ պատասխան չեն ստացել, նշվել է՝ հարցը կքննարկեն։

«Որևէ համոզիչ ու ստույգ բան չեն ասել, ասել են՝ կմտածենք, կասենք։  Մեզ հղում են տվել նրան, որ գները կառավարության որոշման արդյունքում են, և նախարարությունը ընդամենը կատարողի դերում է էստեղ, թեև մեզ համար այդքան էլ հասկանալի չի, որովհետև  դա այն ոլորտի  վերաբերվող գներ են, որը կառավարում է նախարարությունը։ Այսինքն՝ նախարարությունից չեն հարցրել՝ օրը ինչ կարա արժենա, տենց ինքնագլուխ որոշել են»,- ասաց որսորդ Բագրատ Հարությունյանը։

Որսորդների խոսքով՝ իրենք բնությանն անտեղի չեն վնասում, հսկող գործառույթ էլ են իրականացնում։ Ապօրինի որսագողություն իրականացնողների դեմ են պայքարում։ Իսկ ձմեռվա ամիսներին էլ կերակրում են կենդանիներին։

Բացի այդ՝ հայտնում են, որ վստահ չեն, թե իրենց վճարած գումարները ծառայում են նպատակին, ասում են՝ երբևիցէ չեն տեսել որևէ ներկայացուցչի, որը սարերում շրջի և ծանոթանա խնդիրներին։

«Եթե իմանանք՝ մեր տված գումարները կծառայեն նպատակին, կվճարենք 17 էլ, 27 ու անգամ 57 հազար դրամ, բայց չենք տեսել ոչինչ»,- ասում է Բագրատ Հարությունյանը։

Իսկ ինչ վերաբերում է որսի օրերի կրճատմանը, որսորդները բողոքում են և հայտնում,որ դա իրենց իրավունքների սահմանափակում է։ Կան մարդիկ, որ այդ օրերին զբաղված են։