Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց

«Յոլա գնալու» հոգեբանությունը, ցավոք, նաև մշակույթի ոլորտում է շատ խորը նստած. փոխնախարար (տեսանյութ)

«Ա1+»-ի հարցազրույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանի հետ։ 

Տիկին Խաչատրյան, որպես մշակույթի վարչության փոխնախարար ի՞նչ «ժառանգություն» ստացաք և ի՞նչն եք պատրաստվում փոխել։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ լավ «ժառանգություն» չեմ ստացել, և վատը ձևավորվել է ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով։ Թերևս, ամենակարևորը և ամենադժվար լուծելի խնդիրը, իմ կարծիքով, աշխատանքի հանդեպ մարդկանց վերաբերմունքն է եղել, և այն շարունակվում է իներցիայով։ Մենք սովոր չենք աշխատելու։ Սա ինձ համար տխուր է արձանագրել, սակայն այդպես է։ Սովոր չենք նախաձեռնող լինել, «հավես» չունենք, այսինքն՝ «յոլա գնալու» հոգեբանությունը, ցավոք, նաև մշակույթի ոլորտում շատ խորը նստած է։ Անելիքները չափազանց շատ են և հիմա, որպեսզի մարդկանց դրդապատճառը, կամ շարժառիթը փոխվի, մեծ գործ պետք է կատարել։

Հաճախ կարելի է լսել, որ մարդիկ բողոքում են ցածր աշխատավարձից և ասում, որ «ինչքան ստանում են, «այնքանի» էլ աշխատում են»։ Միգուցե նախաձեռնող չլինելու, «հավես» չունենալու, «յոլա գնալու» հոգեբանությունը այստեղի՞ց է գալիս։

Մինչ փոխնարարի պաշտոն զբաղեցնելը՝ աշխատել եմ պետական հիմնարկում և վստահաբար կարող եմ ասել, որ այնտեղ էլ կար աշխատանքի հանդեպ նույն «չաշխատելու» հակումը։ Սակայն երբ ղեկավարը կարողանում է փոխել մարդկանց մոտիվացիան աշխատանքի հանդեպ, նրանք հասկանում են, որ ավելին անելու և արդյունք ստանալու դեպքում նաև ավելի լավ ֆինանսական վիճակում կհայտնվես։ Թանգարանի փորձը ցույց տվեց, որ լավ աշխատանքի արդյունքում աշխատողները հավելավճարներ էին ստանում, քանի որ լավ աշխատանքը նաև լավ գումար է բերում, որն էլ իր հերթին նպաստում է թե՛ կենսամակարդակի բարձրացմանը, թե՛ նոր ծրագրերի իրականացմանը։ Այսինքն՝ սա շղթա է։ Պետք է լավ աշխատես, որ լավ ապրես։ Ուրիշ ճանապարհ չկա։

Սակայն չէ՞ որ կան ղեկավարներ, որոնք անգամ լավ արդյունքի դեպքում ֆինանսապես չեն  խրախուսում աշխատողներին։

Ուրեմն լավ կառավարիչ չեն, և նման կառավարիչներից պետք է ազատվել։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մշակույթի ոլորտի այն ՊՈԱԿ-ների տնօրենները, որոնք չեն կարողանում մոտիվացնել իրենց աշխատողներին, կամ «անարդար» են բաշխում հասույթը, չպետք է աշխատեն։ Աշխատողներին պատշաճ վերաբերմունք է պետք ցուցաբերել։ Իմ մեծ ցանկությունն է, որ ունենանք արհմիությունների մասին լավ օրենք, և աշխատողները պաշտպանված լինեին գործատուներից։ Գիտեմ, որ Ազգային ժողովում այս մասին մտածում են։ Ասեմ նաև, որ եվրոպական բոլոր զարգացած երկրներն արհմիության միջոցով են հասել նման կենսամակարդակի։

Տիկին Խաչատրյան, ի՞նչ կասեք օպտիմալացման ծրագրի մասին։ Շատերը դիտարկում են օպտիմալացումը որպես աշխատատեղերի կրճատում։

Թե՛ հանրային, և թե՛ քաղծառայողներն օրենքով շատ «ամուր» են պաշտպանված։ Եվ շատ դեպքերում, այդ «ամուր» պաշտպանվածությունն էլ խոչընդոտում է առաջընթացին, որովհետև մարդիկ ապահով են, որ ունեն որոշակի կարգավիճակ և աշխատանքից հեռացնել հնարավոր չէ, անկախ նրանից՝ նա լավ է աշխատում, թե վատ։ Կամ եթե նույնիսկ հնարավոր է, անառողջ պրոցեդուրա պետք է վերադասը անցնի, մինչև կարողանա վատ աշխատողին հեռացնել, քանի որ նա «ստատուս» ունի։ Այս օրենքն էլ վերանայման խնդիր ունի։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը,դա իսկապես չի նշանակում կրճատում։ Դա նշանակում է արդյունավետ աշխատանքի ապահովում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում