ԽԱՊԿ զեկույցը լրագրողների իրավունքների խախտումների մասին
Աջակցիր «Ա1+»-ինԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է 2019թ. առաջին կիսամյակի (հունվար-հունիս) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Դրանց թիվը հասել է 56-ի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 10-ի դիմաց։ Ընդ որում՝ 2019-ի դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 53-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, երկուսը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, մեկը ֆինանսատնտեսական վեճ է։
Լրագրողների և ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վերը նշված 56 նոր դատական գործերից 19 դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաև՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում՝ փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների և/կամ լրագրողների միջև է, ևս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների:
Լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել, որ պետական մարմիններից տեղեկություններ հայցելիս բախվում են լուրջ խնդիրների։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ի արձանագրած փաստերը վկայում են, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը 2,5 անգամ գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Աճել է նաև ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը՝ ավելի քան 2 անգամ։ Դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվել է միտումը, երբ հանրային ու քաղաքական դեմքերն ու պաշտոնյաները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, վիրավորում կամ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, փորձում են «դասեր» տալ նրանց։ Այսպիսի պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ դարձավ։
Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 83-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 66-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
Ստորեւ ներկայացնում ենք այդ տվյալները՝ ըստ այս տարվա եռամսյակների, ինչպես նաև՝ 2018-2019 թվականների առաջին կիսամյակների համեմատական տվյալները՝ աղյուսակներով։
2019 թ. խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների
|
Խախտումների տեսակները |
2019 թ. 1-ին եռամսյակ |
2019 թ. 2-րդ եռամսյակ
|
Ընդամենը |
|
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ |
2 |
0 |
2 |
|
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ |
41 |
42 |
83 |
|
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ |
51 |
15 |
66 |
2018-2019 թթ. առաջին կիսամյակների խախտումների քանակական տվյալները
|
Խախտումների տեսակները |
2018 թ. 1-ին կիսամյակ
|
2019 թ. 1-ին կիսամյակ
|
|
Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ |
19 |
2 |
|
Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ |
37 |
83 |
|
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ |
26 |
66 |
Հետհեղափոխական 2019-ը սկսվեց լրատվական դաշտում նկատելի վերադասավորումներով, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխմամբ։ Այս գործընթացն իրականացվեց նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Վերադասավորումների արդյունքում էլ ավելի ընդգծվեց ԶԼՄ-ների բևեռացումը՝ ըստ քաղաքական ճամբարների։ ԶԼՄ-ները, եկամտաբեր չլինելով որպես բիզնես, հաճախ հայտնվում են տարբեր ուժերի ազդեցության տակ և վերածվում քարոզչամիջոցների։
Այս պայմաններում հրատապ է դարձել ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկության խնդրի լուծումը, ինչը օրենսդրական բարեփոխումներ է պահանջում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր կազմակերպությունների հետ ավարտել է աշխատանքները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վրա, որում նախատեսված են մեխանիզմներ ոչ միայն սեփականության թափանցիկության ապահովման, այլև հեռարձակման ոլորտում հարաբերությունները արդիականացնելու, մրցակցությունը զարգացնելու համար։ Օրինագիծը ներկայացվել է խորհրդարան, հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքերում, և երեք գործընկեր կազմակերպությունները հայտարարել են փաստաթղթի լայն քննարկման մեկնարկի մասին։
Դիտարկվող ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ը շարունակել է հետևել 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում և 2016թ. հուլիսի 29-30-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերին, որոնցից յուրաքանչյուրում 20-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ տուժող են ճանաչվել։ Այդ գործերից առաջինը 2019-ի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Ապրիլի 2-ին ԽԱՊԿ-ի փաստաբանը, պաշտպանելով տուժած լրագրողների շահերը, բողոք ներկայացրեց ՀՀ դատախազություն, որը ապրիլի 15-ին վերացրեց ՀՔԾ-ի որոշումը և հանձնարարեց այդ ծառայությանը վերսկսել նախաքննությունը։ Ինչ վերաբերում է անցած տարի կասեցված «Սարի թաղի» գործին, ապա դրա առնչությամբ կայացրած ՀՔԾ-ի որոշումը տուժած լրագրողները, ԽԱՊԿ-ի աջակցությամբ, բողոքարկում են դատական կարգով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 4-ին մերժում ստանալուց հետո մայիսի 8-ին բողոք ներկայացվեց վերաքննիչ ատյան, որտեղ քննությունը շարունակվում է։