Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Պետք է հասկանալ ընտրությունների մասնակցության ձևաչափը, և թե ինչ նշաձող ենք մեզ համար սահմանում։ Այդ նշաձողն այն մասին է, որ կռիվը գնում է ընդդիմադիր մանդատների՞ համար։ Եթե բոլորը համակերպվել են, որ Նիկոլը պետք է վերընտրվի, ուրեմն կռիվը գնում է ընդդիմադիր մանդատների համար։ Եվ նշաձող, որ կռիվը գնում է իշխանության կամ իշխանությունը փոխելու համար, դա մեզ համար ավելի հետաքրքիր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՝ խոսելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին։

Վերջինս գտնում է, որ ընդդիմադիր դաշտում այս պահին պայքարը ոչ այնքան իշխանության, որքան Ազգային ժողովում ընդդիմադիր մանդատների համար է։ Ընդդիմադիր ուժերի շարքում բացառություն է համարում միայն ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որն ըստ նրա՝ իշխանափոխության է ձգտում։

Էդմոն Մարուքյանը, սակայն, չհստակեցրեց, թե իր ղեկավարած կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ որևէ այլ ուժի ցուցակով կամ նրա հետ դաշինքով։

ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին և ասաց, որ եթե ինքը գա իշխանության, ապա հանդես կգա նոր առաջարկություններով։

«Ես առաջարկել եմ, որ Հայաստանի ստորագրելիք փաստաթուղթը հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Մյուս առաջարկն այն է, որ ներդրվի Խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ, որի մեջ կլինեն մեզ հայտնի ուժերը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։