Ծառուկյանն այդ որոշումը կայացրել է արյունահեղությունից խուսափելու համար. Ի․Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ համար տարօրինակ է այն ցայտնոտային վիճակը, որ իշխանությունների մոտ առաջացնում է Գյումրի-2-ի դեպքում։ Ի՞նչ սարսափելի բան է տեղի ունեցել Գյումրիում։ Որոշակի քաղաքական ուժեր կամ նույն Բագրատ Սրբազանը փորձում էին փողոցային պայքարի միջոցով երկրում փոփոխությունների հասնել։ Դրանք ձևակերպվեցին որպես բռնություն, ոտնձգություն ժողովրդավարության նկատմամբ։ Այս դեպքում մենք խոսում ենք ժողովրդավարական, օրենքով սահմանված գործընթացների մասին, ընտրությունների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն խոսքերին, թե ընդդիմադիր ուժերը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին կրկնել Գյումրու ավագանու ընտրությունների սցենարը։
Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մի քանի ուժեր միավորվեցին և քաղաքապետ ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեև ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ընդդիմադիրների միավորման արդյունքում դարձավ փոքրամասնություն։ Եվ այդպիսով պարտվեց և դարձավ ընդդիմություն։
Իվետա Տոնոյանն ասում է՝ ինքը գիտի, թե իշխանություններն ինչու են վախեցած Գյումրիի սցենարի կրկնությունից։ «Յուրաքանչյուր մարդ, ով այս օրերին տիրապետում է տարբեր սոցիոլոգիալան հարցումների արդյունքներին, գիտեն, թե հանրային ինչ տրամադրություններ կան։ Իշխանությունները ևս դրանց տիրապետում են։ Մեր հարցումների համաձայն շատ դրական՝ և՛ լավ վիճակ է ընդդիմության ներկայացուցիչների համար, և՛ ոչ այնքան լավատեսական վիճակ՝ իշխանությունների ներկայացուցիչների համար»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։