Պողպատե հեղափոխություն` տանուլ տված պատերազմից հետո. Իշխանությունը վերարտադրվեց․ զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2021 թ․ ԱԺ ընտրություն (մաս 2-րդ)
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությանը մասնակցեց 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Ընտրապայքարը վերածվել էր նախկինների ու ներկաների բանավեճի, հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև էր, որում ընդգրկված էին Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև անկուսակցականներ։
Պաշտոնական քարոզարշավն ամփոփող հանրահավաքները երկու հիմնական քաղաքական ուժերն էլ անցկացրեցին Հանրապետության հրապարակում։
«Ապագա, կա՛ ապագա» կարգախոսով ընտրությանը մասնակցող կառավարող ուժի հանրահավաքը հունիսի 17-ին էր։ Փաշինյանի ելույթի առանցքում պնդումն էր, որ վերադարձ անցյալին չի լինելու։
- Հայաստանի ժողովուրդ՝ Հարավից Հյուսիս․․․ինչքան ուզի, էնքան էլ կխփի
Հանրահավաքից հետո Փաշինյանը երթով բարձրացավ Հանրային հեռուստաընկերություն՝ մասնակցելու նախընտրական մեծ հեռուստաբանավեճին։ Բանավեճին մասնակցությունից հրաժարվել էին հինգ քաղաքական ուժ, այդ թվում՝ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը։
Մեկ օր անց՝ Հունիսի 18-ին, Հանրապետության հրապարակում արդեն Ռոբերտ Քոչարյանն էր։
-Այս ընտրությունը ընտրություն է արժանապատիվ խաղաղության՝ մի կողմից․․․և թշնամանքի
Համաժողովրդական քվեարկության նախորդ օրը ժողովրդին դիմեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Վեհափառը կենսական անհրաժեշտություն էր համարում, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։
- Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք․ Գարեգին Բ
Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը:
Հունիսի 20-ի ընտրության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 53․92%-ը, և Փաշինյանը դարձյալ խորհրդարանում ունեցավ սահմանադրական մեծամասնություն։ «Հայաստան» դաշինքը ստացել էր 21 տոկոսից մի փոքր ավելի, ուրիշ ոչ մի ուժ չէր հաղթահարել անցողիկ շեմը, սակայն օրենքի պահանջով խորհրդարանում պետք է ընդգրկված լինի առնվազն երեք քաղաքական ուժ, և մանդատներ տրվեցին նաև «Պատիվ ունեմ» դաշինքին,որը ձեւավորել էին ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է
-Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն։
Ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի մեծամասնությունը համարում էր, որ եղել են կեղծիքներ, կիրառվել է վարչական ռեսուրս և չընդունեցին հրապարակված արդյունքները։ Այդուհանդերձ Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ի որոշմամբ ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։