Բացել լրահոսը Փակել լրահոսը
Aragatsotn
A A
Հասարակություն

Ինչո՞ւ են Արագածոտնի մարզում գտնվող երկու ՀԷԿ-երը շարունակում գործել

Սույն թվականի հունիսի 27-ին Ապարանի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք հայտնել էին, որ հիդրոէլեկտրակայանների գործունեության հետևանքով գյուղերի հողատարածքները վարակվել են և Արագածի խառնարանից ժանգ, քիմիական տարբեր նյութեր են լցվում հողամասերը, հողագործները կարտոֆիլ չեն կարողանում աճեցնել, նույնիսկ խմելու ջուրը փորձաքննության եզրակացությամբ ոչ պիտանի է գնահատվել:

Ցուցարարները նաև դիմում ու փորձագիտական եզրակացությունն էին փոխանցել կառավարությանը. դիմումի մեջ նրանք նշել էին, որ չնայած բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  Արագածոտնի բաժնի՝ ՀԷԿ-երի գործունեությունը կասեցնելու որոշմանը, վերջինները շարունակում են իրենց աշխատանքը:

«Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությանը ենթական բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մասնավորապես նշել է, որ ՀԷԿ-երի սեփականատեր «Էլ-Կաս» ՍՊԸ-ն ՀՀ վարչական դատարան է դիմել՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կայացված 2019 թ. հունիսի 12-ի համար 4/01-Ա «Գործունեությունը կասեցնելու մասին» որոշման դեմ, իսկ «Էլ-Կաս»-ին պատկանող «Վակուֆլօ» ՍՊԸ-ն նույն բաժնի՝ համար 4/02-Ա «Գործունեությունը կասեցնելու մասին» որոշման վերաբերյալ, 2019-ի հունիսի 27-ին վերադասության կարգով դիմում-բողոք է ներկայացրել բնակապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին:

Եվ քանի որ ընկերությունները բողոք են ներկայացրել, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն՝ ՀԷԿ-երի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումները կասեցվել են: