Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արագածավան
A A
Հասարակություն

Թունավոր նյութերը Արագածի խառնարանից լցվում են մեր հողամասերը. Արագածավանի բնակիչ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մի խումբ բնակիչներ եկել են կառավարության շենքի դիմաց, նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գյուղի բնակիչ Գերասիմ Սարգսյանի փոխանցմամբ՝ 2008 թվականից երկու ՀԷԿ է աշխատում գյուղով անցնող Գեղարոտ գետի վրա, ինչի հետևանքով հողը և շրջակա միջավայրը աղտոտվել է:

«Հողատարածքները վարակվել են. ամբողջովին ծծումբ, ժանգ, քիմիական բազմաթիվ թունավոր նյութեր անմիջապես Արագածի խառնարանից լցվում են մեր հողամասերը»,- նշում է Սարգսյանը:

Հավաքվածներն ասացին, որ 2011 թվականից ի վեր՝ դիմել են տարբեր գերատեսչությունների: Դիմել են նաև բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին, տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանին, սակայն ապարդյուն:

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք գերատեսչություններին նույնպես դիմել են. 2018-ի նոյեմբերին ժամանակավորապես կասեցվել է ՀԷԿ-երի աշխատանքը, սակայն 2019 թվականի փետրվարին իրենց համար անհասկանալի պատճառներով կրկին վերագործարկվել է:

Գյուղացիները կարտոֆիլ չեն կարողանում աճեցնել, ջուրը տվել են փորձաքննության, որն էլ հաստատել է, որ այն խմելու համար պիտանի չէ:

«Ա1+»-ի հեռախոսազրույցում Գերասիմ Սարգսյանն ասաց, որ հանդիպել են Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին։ Վերջինս ասել է, որ ՀԷԿ-երի գործով դատարանի վճիռները ստանալուց հետո ընթացք կտրվի դրանց աշխատանքի կասեցմանը։

Մանրամասները՝ տեսանյութում