Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130479
A A
Հասարակություն

Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան վերջին մեկ տարում կտրուկ աճել է

«Ամենածանր ժառանգությունը, որ մենք ստացել ենք, կապված է Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների և նրանց բնակարանային խնդիրի լուծման հետ»,-  նշում է Միգրացիոն ծառայության  պետ Արմեն Ղազարյանը:

Այսօր՝ փախստականների միջազգային օրը, նաև ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ ծառայության ղեկավարն ընդգծեց՝ Ադրբեջանից հայ փախստականների 822-ը բնակապահովման ծրագրի շահառու է:

«Բնակարանային խնդրի չափը համեմատելի է աղետի գոտու հետ»,-ասում է Արմեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ մեկ այլ լուրջ խնդիր է նաև Սիրիայից բռնի տեղահանվածների հարցը.

 «Այն 22 հազարից, ովքեր եկել էին, դեռևս 14 հազարն այստեղ են, և մենք պետք է ջանքեր գործադրենք, որ նրանք այստեղ ավելի արմատավորվեն»:

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների՝ վերջին տարում երկիրն ունի սահմանահատումների դրական դինամիկա.

2016-ին հանրապետության սահմաններից դուրս է եկել 48.170  անձ, 2017-ին՝ 26.897 անձ,
իսկ 2018-ին 15.313  անձ մուտք է գործել երկիր: Սա վերջին 12 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է:

ՀՀ քաղաքացիների ելքերի դինամիկան ևս ուրախացնող է՝ 2016-ին  54.000 քաղաքացի է դուրս եկել ՀՀ սահմաններից, 2017-ին՝  36.000 քաղաքացի, 2018-ին՝  4500 քաղաքացի:

«2019-ի առաջին եռամսյակն ընդհանուր բացասական է, բայց Հայաստանի քաղաքացիների մասով վերջին 9 տարիների համար առաջին անգամ առաջին եռամսյակում դրական տարբերություն կա»,-նշում է Արմեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ դրական արդյունքները կարճաժամկետ են: Այն պահպանելու համար, ըստ Միգրացիոն ծառայության պետի, տնտեսության և արդարադատության ոլորտներում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ.

«2010 թվականից սկսած՝ կայուն էմիգրացիան այնպես է աղճատել մեր ընդհանուր դեմոգրաֆիական պատկերը, և ծնելիության նվազումն այնպիսի  ծանր ազդեցություն է ունեցել, որ մենք կարող ենք շատ վատ հետևանքների հանգել, եթե հիմա չօգտագործենք այս մի քանի տարիները, որ մեր հնարավորությունների պատուհանն է»:

Նա նշեց,որ վերջին մեկ տարում Հնդկաստանի քաղաքացիների սահմանահատումները ևս կտրուկ աճել են։ 2016-ին Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 78 քաղաքացի, 2017-ին ՝ 311 քաղաքացի, 2018-ին՝ 3723 քաղաքացի։

Նրանցից կացության կարգավիճակ ստացել են՝ 2016-ին՝ 1086  քաղաքացի, 2017-ին՝ 938 քաղաքացի,2018-ին՝ 1907 քաղաքացի:
Նրանցից  մոտ 900-ը կացության իրավունք է ստացել աշխատանքի հիմքով, մնացածը՝ ուսման:
Օտարերկրացիների աշխատանքի ոլորտի կարգավորման մասով Միգրացիոն ծառայությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ կոմպլեքս ծրագիր են մշակում.

«Ոնց որ ասում են՝ առաջիկայում ձայնը կլսեք»,-հավելում է Արմեն Ղազարյանը: