«Արսենալը» Մխիթարյանի անվտանգության համար նոր պահանջներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալը» դեռեւս սպասում է ՈՒԵՖԱ-ի պատասխանին՝ կապված Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում թիմի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անտանգության հետ:
Ինչպես արդեն նշել ենք, որ «Արսենալ» - «Չելսի» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում: Չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, որ հայազգի ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա մուտքի վիզայի եւ երկրում մնալու հարցում, սակայն լոնդոնյան ակումբը անվտանգության երաշխիքներ պահանջում է միմիայն ՈՒԵՖԱ-ից:
«Արսենալի» ղեկավարությունը անվտանգության նոր պահանջ է ներկայացրել ֆուտբոլի եվրոպական միությանը, որի պատասխանն ակումբն ակնկալում է ստանալ առաջիկա մեկ օրվա ընթացքում: Մասնավորապես՝ անգլիացիները պահանջում են Բաքվում ավելացնել թիմի անվտանգությունն ապահովող իրավապահների քանակը, հատկապես հյուրանոցի մերձակա տարածքում, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չունենա տեղաշարժվելու ժամանակ:
Ի դեպ, «Ա1+»-ի անցկացրած այն հարցմանը՝ «Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու, թե կրկին պետք է հրաժարվի դրանից», մեր ընթերցողների 62 տոկոսը գտնում է, որ նա պետք է անպայման մեկնի Բաքու, իսկ 32 տոկոսը դեմ է դրան: Մասնակիցների 6 տոկոսը որեւէ կարծիք չունի այդ հարցում: