Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն եմ

Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի առիթով մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաև The Voice-ի հաղթողը:

Սլիմանը 2016-ին դարձել է ֆրանսիական The Voice հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի հաղթողը, և դրանից հետո հանրությանը ներկայացրել մեծ հաջողություն վայելող դեբյուտային ալբոմ և 9 սինգլ:

Մինչ Հայաստան ժամանելը Սլիմանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն եմ: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»:

Բացի Սլիմանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: