Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք էր Թերզյանին բերել Հայաստան»

Մշակույթ

            «Մենք մեկ-մեկ ցուցադրում ենք այնպիսի ֆիլմեր, որոնք կապ չունեն մեր մտածողության հետ' կոմերցիոն կամ ժանրային ֆիլմեր: «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի ցուցադրման առիթը Ալան Թերզյանն էր եւ նրա մուտքը Հայաստան»,- «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ ասաց կինոփառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանն' անդրադառնալով«Կաննի» կինոփառատոնի ղեկավարներից  ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանի պրոդյուսերությամբ նկարահանված ֆրանսիացի ռեժիսոր Լորեն Տյուելի «Մերձավոր շրջան» ֆիլմին: Նշենք, որ հենց այս ֆիլմով երեկ բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:   

Հարություն Խաչատրյանը նաեւ ավելացրեց, որ տարբեր առիթներ կան ֆիլմեր ցուցադրելու համար եւ իրենք հիմնականում չեն ընտրում կոմերցիոն ֆիլմեր, քանի որ «Ոսկե ծիրան» մրցույթը մշակութային կինոլեզվի, հոգու, մտքի ֆիլմեր են' «հասարակ պատմություններ' արված մեծ արվեստով եւ կինոյի լեզվով»:

Սակայն «Մերձավոր շրջան» ֆիլմն ուղղակի անհրաժեշտություն էր բերել Հայաստան, քանի որ, ըստ նրա, հարկավոր էր հենց Ալան Թերզյանին բերել Հայաստան: Ի դեպ, նա առաջին անգամն էր լինելում Հայաստանում եւ ըստ Խաչատրյանի'նրա մուտքը Հայաստան կարեւոր էր նաեւ այնքանով, որ նրա օգնությամբ նոր կինոծրագրեր, համատեղ ֆիլմերի արտադրություն կսկսվեն եւ Թերզյանը կօգնի օգտվել միջազգային կինոֆոնդերից: «Նա շատ մեծ վարպետ է կինոաշխարհի, մեծագույն պրոդյուսերներից մեկն է եւ նրա օգուտը, եթե շատ ցանկանա, հայկական կինոյի համար շատ մեծ կլինի: Այդ պատճառով էլ նա ինչ էլ նկարած լիներ, պետք է ցուցադրեինք, որ նա գար Հայաստան»,- վստահեցնում է Հարություն Խաչատրյանը:

Իսկ Թերզյանին Հայաստան բերելու գաղտնիքը, ըստ նրա' հետեւյալն էր. «Ես գիտեմ, որ ամեն մի պրոդյուսեր եւ դերասան նվիրված է իր ֆիլմին: Երբ ուզում ես զավակին' ֆիլմը, կտրել իր մորից' հեղինակից, նա իր զավակի հետեւից գնում է անպայման»:

            Հարություն Խաչատրյանն անկեղծ խոստովանում է, որ «Մերձավոր շրջան» ֆիլմը կինոյի իր սիրած տեսակը չէ: Ֆիլմի գաղափարի մասին եւս նա չցանկացավ խոսել, քանի որ «եւ հայ հրաշք մարդիկ կան, եւ հավատացյալներ, եւ արվեստագետներ, եւ ավազակներ եւ ամեն մեկի մասին կարելի է անդրադառնալ ու նկարել: «Դա չպետք է հիվանդագին ընդունել, գավառամիտ, նեղ մտածել, որ հայ է, ուրեմն անպայման պետք  լավ նկարած լինենք»,- ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

            Իսկ Ալան Թերզյանը, խոսելով ֆիլմի մասին, ընդգծեց, որ բոլոր ֆիլմերը, նրանց սյուժեները դերասաններն են ստեղծում եւ դերասան Ժան Ռենոն էլ ցանկացավ հայկական ընտանիքը տեսնել ֆիլմում: Ի դեպ, դերասանը կիսաֆրանսիացի, կիսաիտալացի է եւ այդ պատճառով էր, որ ֆիլմի սյուժեն, որը անդրադառնում է Մալաքյանների հանցավոր գործունեության մասին, նրան  հոգեհարազատ  էր:

             Ըստ նրա' ֆիլմը մաֆիայի մասին չէ, այլ ֆիլմի հերոսն ուղղակի չի ցանկանում «երկար-բարակ աշխատել, այլ ցանկանում է ավելի արագ ունենալ շատ բաներ»: Ի վերջո, նա նշեց, որ պետք է հիշել, որ այս ֆիլմը վավերագրական չէ, այլ գեղարվեստական է: