Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ԹԵՆԻՍՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ

Սպորտ


2009թ. պետբյուջեից ֆինանսական առաջկցություն կստանան Հայաստանում գործող 29 մարզաձեւերի ֆեդերացիաներ: Մի շարք ֆեդերացիաներ գոյատեւում են հենց պետության կողմից տրամադրվող միջոցներով: 29 ֆեդերացիաների շարքում բացակայում են նաեւ մարզաձեւեր, որոնք ոչ միայն օլիմպիական են, այլեւ մեծ մասայակականություն են վայելում:

Օրինակ` թենիսի ֆեդերացիան կրկին բացակայում է ֆինանսավորվողների շարքից: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը 2008թ. տարեվերջին հայտարարել էր, որ պետությունը 5 մլն դրամ է տրամադրելու մարզաձեւին, բայց պարզվում է, որ մարզաձեւի համար սիմվոլիկ այս գումարն էլ նախատեսված չէ:

ՀԹՖ-ում «Ա1+»-ին հայտնեցին, որ հարցը լուծում կստանա առաջիկա 2 ամիսներին եւ ֆինանսավորում նախատեսված է: Սակայն փաստը այն է, որ պետբյուջեով նախատեսված գումարների շարքում թենիսի համար ոչինչ չկա: 29 ֆեդերացիաների շարքում չէ նաեւ ֆուտբոլը: Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձեւի նկատմամբ պետության կողմից նման անուշադրությունը պայմանավորված է թերեւս նրանով, որ ՀՖՖ-ն որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում ՈՒԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից:

Պետությանը չի հետաքրքրում նաեւ հոկեյը, որը թիմային մարզաձեւ է եւ լուրջ միջոցներ է պահանջում: Բայց մարզաձեւի այս ֆեդերացիան ստիպված է գոյատեւել այլ միջոցներով:

Փոխարենը ֆինանսական լուրջ աջակցություն են ստանում ըմբշամարտի (236մլն դրամ), ծանրամարտի (155 մլն) եւ բռնցքամարտի (115 մլն) ֆեդերացիաները: Բացի այդ այս ֆեդերացիաների նախագահներն իրենց անձնական միջոցներից եւս աջակցություն են ցուցաբերում: Մասնավորապես` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան 2008թ. դեկտեմբերին գլխավորեց «Տաշիր» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը, որը 2009թ. ընթացքում շուրջ 1 մլն դոլար է տրամադրելու ըմբիշներին: Նույնը կատարելու է նաեւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, որը հանդիսանում ԲԱՄՕ-ի բաժնետերերից մեկը: Իսկ ահա հանդբոլի (18 մլն.), բասկետբոլի (18 մլն) եւ վոլեյբոլի (12 մլն) ֆեդերացիաները միասին ստանալու են ընդամենը 48 մլն դրամ: Նման պարագայում թիմային այս մարզաձեւերի ներկայացուցիչները միջազգային պաշտոնական մրցաշարերի մասնակցել չեն կարողանա եւ լավագույն դեպքում կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել Վրաստանում կան Իրանում, որտեղ կարելի է հասնել նաեւ ավտոբուսով:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունում ֆեդերացիաներին հատկացվող գումարների մասին բովանդակալից տեղեկություն չկարողացան տրամադրել: Այդպես էլ չնշվեց, թե ով, ինչպես եւ ինչ սկզբունքերով է որոշում գումարների չափը: