Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀԵՌԱՑԱՎ ՆԱԵՎ ԱԼԻԿԸ

Սպորտ


«Ես համարվում էի «Վիտեբսկի» խաղացող եւ պատրաստվում էի ելույթներս բելառուսական ակումբում շարունակել նաեւ 2009թ., սակայն տեղի ունեցան իրադարձություններ, որոնց ստիպեցին հեռանալ ինձ թիմից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը:

Հայ խաղացողը վերադարձել է Երեւան եւ պատրաստվում է պայմանագիր կնքել Երեւանի «Միկայի» հետ: Ալեքսանդրը նշեց, որ Բելառուսում մնալը այլեւս անիմաստ էր. «Վիտեբսկի քաղաքապետը պաշտոնանկ էր արվել, որից հետո «Վիտեբսկ» ակումբը հայտնվել էր ճգնաժամի մեջ: Հենց քաղաքապետն էր հովանավորում թիմին, օգնում նրան բազմաթիվ հարցերում: Ակնհայտ էր, որ ակումբը այլեւս ի վիճակի չի լինելու կատարել իր ֆինանսական պարտավորությունները: Ես խոսեցի ակումբի ղեկավարության հետ: Նրանք ինձ խնդիրների առջեւ չկանգնեցրին եւ տվեցին ազատ խաղացողի կարգավիճակ»:

Առաջիկայում Ալեքսանդր Թադեւոսյանը կմիանա «Միկային» եւ թիմի հետ կսկսի նախապատրաստվել Հայաստանի 2009թ. առաջնությանը. «Տեղյակ եմ, որ այս տարի «Միկան» շատ ուժեղ կազմ է հավաքել: Թիմի իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել եւ կարծում եմ` հետաքրքիր մրցաշրջան է սպասվում»:

Թադեւոսյանը հույս ունի, որի առաջիկայում կհասցնի նախապատրաստվել փետրվարի 11-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Հայաստան-Լատվիա ընկերական մրցավեճին. «Շատ կարեւոր է, որ տարվա առաջին խաղում լավ ելույթ ունենք: Կփորձեմ մինչ այդ հանդիպումը լինել լավ մարզավիճակում»:

28-ամյա պաշտպանը, որը Հայաստանի հավաքականի կազմում 38 հանդիպում է անցկացրել, նախկինում հանդես է եկել Երեւանի «Արարատում» եւ «Փյունիկում»: Մեկ մրցաշրջան էլ Թադեւոսյանը անցկացրել է Իրանի «Բաղ» թիմում, որտեղից վերադառնալով «Փյունիկ»` Թադեւոսյանը 2008թ. հունվարին տեղափոխվեց Բելառուսի Վիտեբսկ քաղաքի համանուն թիմ: