Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՀԱՂԹԻ՞ ԼԵՎՈՆԸ ՄԱԳՆՈՒՍԻՆ

Սպորտ


Շախմատային աշխարհի ուշադրությունը այս օրերին բեւեռված է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Կորուս-Չես» մրցաշարը վրա: 14 հայ շախմատիստների մասնակցությամբ ընթացող մրցաշարի մեկնարկային տուրերը ցույց տվեց, որ այս անգամ առաջին հորիզոնականի համար պայքարը անհամեմատ լուրջ է լինելու, քան նախորդ տարիներին:

Առայժմ բավական զգույշ է ելույթ ունենում Լեւոն Արոնյանը, որը անցկացրած 3 պարտիաներն էլ ավարտել է խաղաղ ելքով: 4-րդ տուրում Արոնյանը կմրցի նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Հայ գրոսմայստերը այս պարտիայում ելույթ կունենա սեւերով: Բուքմեյքերները նրա հաղթանակի համար սահմանել են 5.8 գործակից, իսկ Կառլսենի հաղթանակը գնահատվել է 3.60: Հավանական է համարվում ոչ-ոքին, որի համար սահմանվել է 1.65 գործակից: Ինչպես եւ Լեւոնը, Մագնուսը վաստակել է 1.5 միավոր:

Ընդհանրապես «Կորուս-Չես-2009»-ում մասնակիցները բաժանվել են 3 խմբի: Առաջինները 2-ական միավոր են վաստակել եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Խոսքը Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա), Գատա Կամսկու (ԱՄՆ), Սերգեյ Մովսիսյանի (Սլովակիա), Թեմուր Ռաջաբովի (Ադրբեջան) եւ Յան Սմիթսի (Հոլանդիա) մասին է: Այս հնգյակին հաջորդում են 1.5-ական միավոր վաստակած Արոնյանը, Կառլսենը, հոլանդացի Ստելվագենը եւ կուբացի Դոմինգեսը:

Իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում են 1-ական միավոր վաստակած Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Լուկ վան Վելին (Հոլանդիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Յու Վանգը (Չինաստանը): Այսպիսով` ետնապահները ընդամենը 1 միավորով են ետ մնում առաջատարներից, ուստի առաջիկայում պայքարը թեժ է լինելու: Բոլոր մասնակիցներն էլ հավակնում են բարձր հորիզոնականներ:

Ի դեպ, բուքմեյքերները շարունակում են նաեւ խաղադրույք ընդունել, թե ով կդառնա մրցաշարի հաղթող: «Կորուս-Չես-2009»-ի մեկնարկից առաջ Լեւոն Արոնյանի հաղթանակի գործակիցը 4.50 էր: Այս ցուցանիշով Լեւոնը 3-րդն էր: Այժմ Արոնյանի հաղթանակի գործակիցը 7.00 է: 4.20 գործակցով առաջին տեղում Ռաջաբովն է: