Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆ ՉԷՐ ՀԱՎԱՆԵԼ ՀԱՅ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արթուր Ստեփանյանը, որի տրանսֆերը պատկանում է Պերմի «Ամկարին», գալիք մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվում»: Ստեփանյանը, որի հասակը 190 սմ է, Վլադիկավկազի «Յունոստ» մարզադպրոցի սան է: Հետագայում Արթուրը ելույթ է ունեցել մի շարք ռուսական թիմերում, իսկ մի պահ` Երեւանի «Փյունիկիում»:


2008թ. Ստեփանյանը Պերմի «Ամկարում» Ռուսաստանի առաջնությանը չմասնակցեց: Հայ պաշտպանը վարձավճարով տեղափոխվեց Նովորոսիսկի «Չեռնոմորեց»: Մրցաշրջանի ավարտից հետո Արթուրը վերադարձավ «Ամկար» եւ թիմի հետ նախապատրաստվում էր 2009թ. Ռուսաստանի առաջնությանը:


Սակայն «Ամկարի» բուլղարացի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիմիտար Դիմտրովը որոշել էր 5 ֆուտբոլիստների հանել տրանսֆերի: Այդ խաղացողների թվում էր նաեւ Ստեփանյանը: Հայ ֆուտբոլիստը օրերս մեկնել էր Նիժնի Նովգորոդ` տեղի «Լոկոմոտիվում» փորձաշրջան անցնելու: «Լոկոմոտիվում» Ստեփանյանի խաղը հավանել են եւ անմիջապես ընդգրկել թիմի կազմում: «Լոկոմոտիվը» հանդես է գալիս Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում, ուստի Արթուրի համար սա լավագույն տարբերակը չէր:


Ի դեպ, Արթուր Ստեփանյանը ապրիլին կդառնա 22 տարեկան եւ այլեւս իրավունք չունի հանդես գալ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Այժմ Ստեփանյանը պետք է ձգտի գրավել ազգային հավաքականի մարզիչների ուշադրությունը: