ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) վստահ հաղթանակ տոնեց: Հայ թենիսիստը պայքարից դուրս թողեց ֆրանսիացի Մարկ Գիկվելին:
Մրցակիցը Դավիթի համար անծանոթ էր: Մինչ այս թենիսիստները չէին հանդիպել, սակայն արդեն առաջին սեթում պարզ դարձավ, որ Նալբանդյանը մրցամարտում խնդիրներ չի ունենա: Արգենտինան ներկայացնող հայազգի մարզիկը 1-ին սեթյում առավելության հասավ 6:1 հաշվով, իսկ 2-րդում համառ պայքարում զիջեց 4:6 հաշվով: Հաջորդ 2 սեթերում Նալբանդյան հեշտությամբ առավելության հասավ 6:2, 6:3 հաշիվներով: Հաղթելով ընդհանուր 3:1 հաշվով` Դավիթ Նալբանդյանը դուրս եկավ հաջորդ փուլ:
Առաջին փուլում կայացել են մի շարք այլ հանդիպումներ: Առայժմ անակնկալներ չեն գրանցվում: Ֆավորիտները հեշտությամբ հաղթահարում են մեկնարկային փուլի արգելքը: Դոմենիկ Հրբատին, Մարատ Սաֆինը, Ռոջեր Ֆեդերերը, Էնդի Ռոդիկը արդեն հաջորդ փուլում են:
Կանանց պայքարում եւս առայժմ կանխատեսելի արդյունքներ են գրանցվում: Յանկովիչը, Հատուխովան, Իվանովիչը, Սաֆինան, Չաքվետաձեն եւ մյուս ֆավորիտները վստահ հաղթանակներով են սկսել իրենց ելույթները: