ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՅԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի 2009թ. առաջնությանը աչքի ընկավ արտառոց իրադարձությամբ. 66կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեցին միանգամից 2 ըմբիշներ:
Այս քաշային կարգում եզրափակիչ էին դուրս եկել երեւանցի Սասուն Ղամբարյանը եւ գյումրեցի Խոսրով Մելիքյանը: Հավասար պայքարում անցած մրցամարտը այդպես էլ չորոշեց մրցակիցներին: Համենայնդեպս, մրցավարները հաղթանակի կոչում որեւէ մեկին չտվեցին: Կայացվեց արտառոց որոշում, որի արդյունքում 2 ըմբիշներն էլ դարձան Հայաստանի չեմպիոն: Միջազգային մրցաշարերում երբեք նույն քաշային կարգում հաղթող չի լինում եւ հավասար գոտեմարտերի դեպքում հաղթողին որոշում են տարբեր մեթոդներով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կատարվածի մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Այս օրերին ըմբշմարտի ֆեդերացիայից ընդհանրապես տեղեկատվություն ստանալը անիմաստ զբաղմունք է:
Այս ֆեդերացիան տեղակայված էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունում, սակայն այնտեղ որեւէ մեկը տեղյակ չէ ըմբիշներից:
Ինչեւէ, Հայաստանի 2009թ. առաջնությունում կայացան նաեւ այլ քաշային կարգերի հանդիպումներ: 55 կգ քաշայինների պայքարում հաղթեց Շավիղ Գեւորգյանը: Առաջին անգամ 60 կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցավ Ռոման Ամոյանը, որը միանգամից դարձավ Հայաստանի չեմպիոն: Նախկինում Ռոմանը ելույթ էր ունենում 55 կգ քաշով:
74 կգ քաշայինների պայքարում եւս անակնկալ չգրանցվեց: Հաջողության հասավ 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Ջուլֆալակյանը: 84կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացավ Արթուր Շահինյանը (Էջմիածին): Փորձառու Արման Գեղամյանը հավասարը չուներ 96 կգ քաշայինների պայքարում: Եվ վերջապես գերծանր քաշայինների պայքարում հաջողության հասավ Վաչիկ Եղիազարյանը: