ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՍՏԱՆԱՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
«Հայաստանի հավաքականը Թբիլիսում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 12 ձյուդոիստներով: Հավաքականում կան նաեւ մարզիկներ, որոնց համար սա կլինի առաջին նման խոշոր մրցաշարը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիկ Արթուր Գեւորգյանը:
Այս օրերին Հայաստանի հավաքականը Աբովյանում Գեւորգյանի գլխավորությամբ նախապատրաստվում է հունվարի 24-25-ը Թբիլիսիում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Արթուր Գեւորգյանը ընդգծեց, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հավաքականի համար կտա մի շարք հարցերի պատասխան. «Սա տարվա առաջին մրցաշարն է: Թբիլիսիից վերադառնալուց հետո արդեն կորոշենք, թե տարվա մյուս մրցաշարերում ովքեր են մասնակցելու»:
Հայաստանի հավաքականի առաջատարներ Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը Վրաստան չեն մեկնելու. «Նպատակահարմար գտանք, որ նրանց մասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը միայն 2-րդ փուլից: Մնացած ուժեղագույնները հավաքականում են: Կան նաեւ երիտասարդներ, որոնց համար սա փորձ ձեռք բերելու լավ առիթ է»:
Հավաքականի մարզիչը ընդգծեց, որ երիտասարդների համար տարին յուրահատուկ է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Երեւանում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի մարզիկները պետք է լավագույնս պատրաստ լինեն: Միաժամանակ երիտասարդները այս տարի պետք է հող նախապատրաստեն հաջորդ տարի մեծահասակների ազգային հավաքականում ամրապնդվելու համար»:
Ի դեպ, հունվարի 24-25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա նաեւ կանանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում հայտնեցին, որ մրցաշարին կմասնակցի 52կգ քաշային Անուշ Հակոբյանը: Վերջինս մրցավայր կուղեւորվի Անտոն Բաբայանի գլխավորությամբ: