ՀՈՒՍԵԻՆԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի (Ավստրալիա) սպարինգ մրցակից Հուսեին Հուսեինը հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկը փետրվարի 7-ին Խորխե Արսեի հետ մրցավեճում հաղթելու լավ հնարավորություններ ունի:
Առաջիկա մրցամարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային բռնցքամարտում: Հանդիպելու են 2 տիտղոսակիր բռնցքամարտիկներ, որոնցից մեկը Կալիֆորնիայում ստիպված է լինելու հրաժարվել չեմպիոնական գոտիներից:
«Վիկ Դարչինյանը կկարողանա հաջողության հասնել, եթե կարողանա ճիշտ տարածություն պահպանել Արսեի հետ: Եթե Դարչինյանը ճիշտ տարածություն պահպանի, ինչպես որ դա արեց Քրիստիան Միխարեսի հետ մրցամարտում, ապա նա կլինի անկասելի»,-ասել է Հուսեինը «Ֆայթ Նյուզ» գործակալությանը:
Իր հերթին մեքսիկացի Խորխե Արսեն պատասխանելով վերջին շրջանում իր հասցեին հնչած քննադատություններին ասել է. «Ես կստիպեմ քննադատներին պատասխան տալ այն ամենի համար, ինչ նրանք ասում են այժմ: Նրանցից յուրաքանչյուրը գտնում է, թե բռնքամարտից ինչ-որ բան է հասկանում: Նրանց թվում է, թե կարող են խոսել իմ կարիերայի մասին: Մրցամարտից հետո նրանք կհասկանան, որ սխալ եմ: Ես պարզապես գիտեմ, որ Դարչինյանի նոկաուտով եմ հաղթելու: Ես նրան կվերածեմ փոշիի, կբաժանեմ մասերի»: