ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԴԱՄ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը պատրաստվում է կարիերան շարունակել Երեւանի «Միկայում»: «Միկա» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ Թադեւոսյանը արդեն մարզվում է թիմի հետ, սակայն առայժմ պայմանագիր կնքված չէ:
Նախապատրաստվելով 2009թ. Հայաստանի առաջնությանը` «Միկան» իր կազմը համալրել է մի շարք նորեկներով, որոնց թվում կան նաեւ հայտնի անուններ: Վերջին շրջանում «Միկան» բանակցություններ էր վարում մի շարք արտասահմանցի խաղացողների հետ: Սակայն արգենտինացիներ Դանիել Դե Բրունոյի, Կոնսիստրեի եւ իսպանացի Արանդայի հետ բանակցություններից հետո կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս ֆուտբոլիստների շարքում հայտնի խաղացող էր Արանդան:
Այժմ «Միկան» բանակցում է այլ լեգեոներներ հետ, որոնց թվում` Էկվադորի հավաքականի դարպասապահներից մեկի: Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Թադեւոսյանին, ապա օրերս նա խզել է պայմանագիրը Բելառուսի «Վիտեբսկի» հետ: Ալեքսանդրը նախորդ տարի հանդիսանում էր «Վիտեբսկի» հիմնական կազմի խաղացող եւ մասնակցել էր Բելառուսի առաջնության գրեթե բոլոր հանդիպումներին:
Ավելի վաղը Բելառուսից վերադարձել էին նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Աղվան Մկրտչյանը, Արա Հակոբյանը, Արթուր Ոսկանյանը եւ Կարեն Ալեքսանդյանը: Մկրտչյանը եւ Հակոբյանը 2008թ. դեկտեմբերին պայմանագիր էին կնքել հենց «Միկայի» հետ:
«Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը հայտնեց, որ ակումբը որոշել է չմասնակցել փետրվարին Աշխաբադում կայանալիք «Թուրմենբաշիի գավաթի» խաղարկությանը: «Միկայի» փոխարեն ավանդական այս մրցաշարում ելույթ կունենա Կապանի «Գանձասարը»: