ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴԱՄՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է «Կորուս-Չես-2009»-ը ավանդական հեղինակավոր շախմատային մրցաշարը: Լեւոն Արոնյանը մեկնարկային 2 տուրերում վաստակել է 1 միավոր:
Առաջին պարտիայում Լեւոնի մրցակիցն էր Չինաստանի ներկայացուցիչ Յու Վանգը: Այս պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: 2-րդ տուրում Արոնյանը հանդիպեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ: Այս պարտիայում եւս գրոսմայստերները վաստակեցին կեսական միավոր:
Ավելի հաջող է մեկնարկել Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Վերջինս առաջին տուրում ոչ-ոքի խաղաց հոլանդացի Դանիել Ստելվագենի հետ, ապա սպիտակներով առավելության հասավ Մայքլ Ադամսի (Անգլիա) նկատմամբ:
2-րդ տուրից հետո 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սերգեյ Մովսիսյանը, ուկրաինացի Սերգեյ Կարյակինը եւ Հոլանդացի Յան Սմիթսը:
3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպելու է Դանիել Ստելվագենի հետ, իսկ Մովսիսյանը սեւերով` Մագնուս Կառլսենի (Նորվեգիա):
ՍԱՄՎԵԼԸ ԵՏՆԱՊԱՀԻ ԴԵՐՈՒՄ
Երեւանում Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի տանը» շարունակվում է Հայաստանի 69-րդ առաջնությունը: 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Տիգրան Քոթանջյանը: Վերջինիս 5 միավորով հաջորդում է Արթուր Չիբուխչյանը: Լավագույն եռյակը 4.5-ական միավորով եզրափակում են Աշոտ Անաստասյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Առաջնության ամենաբարձր վարկանիշ ունեցող Տիգրան Պետրոսյանը 3 միավորով ընդամենը 10-րդն է: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է պատանի Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է 1 միավոր:
Զուգահեռաբար ընթանում է նաեւ կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 10 շախմատիստուհիները: Հայ շախմատիստուհիները արդեն 3 տուր են անցկացրել, որից հետո Աննա Հայրապետյանը առանց միավորների կորուստի գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանը 2.5 միավորով առայժմ 2-րդն է: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Անի Խանամիրյանը: