Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԻՋԵՑԻՆՔ ՆԱԵՎ ՈՒԶԲԵԿՆԵՐԻՆ

Սպորտ

Երեւանի «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Այսօր, ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց Ուզբեկստանի փոխչեմպիոն «Պախտակորին»:

Մոսկվայում ընթացող մրցաշարի առաջին տուրում «Արարատը» 1:3 հաշվով զիջել էր Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեին»: Հանդիպումը ցույց էր տվել, որ «Արարատը» պատրաստ չէ մրցաշարին: «Պախտակորի» հետ մրցավեճն եւս մեկ անգամ փաստեց, որ հայկական թիմն առանց լուրջ նախապատրաստվելու է հայտնվել Մոսկվայում:

Ուզբեկներն արդեն առաջին կեսում գործնականում վճռեցին հանդիպման ելքը: Ընդմիջմանը թիմերը գնացին 3:1 հաշվի ժամանակ: 2-րդ կեսում «Արարատին» չհաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Փոխարենը եւս մեկ անգամ հաջողության հասավ մրցակիցը:

Խմբային մրցաշարին վերջին խաղում «Արարատը» կմրցի Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինի» հետ: Վերջինս այսօր 0:2 հաշվով պարտվեց «Ակտոբեին»: Անկախ վերջին տուրի հանդիպումների ելքից «Արարատը» արդեն զրկվել է պայքարը շարունակելու հնարավորությունից: