ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՋԵՆԹԼՄԵՆ ՉԳՏՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը 5-րդ տուրի հանդիպումներից հետո ունեցավ միանձնյա առաջատար: Տիգրան Քոթանջյանը, սեւերով մրցելով միակ կին շախմատիստ Էլինա Դանիելյանի հետ, հաջողության հասավ այս պարտիայում եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Նախքան այս տուրը միանգամից 4 շախմատիստներ 3-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն առաջատարներից միայն Քոթանջյանին հաջողվեց հաղթանակ տոնել 5-րդ տուրում: Էլինա Դանիելյանի հետ մրցամարտում Տիգրանին 39 քայլ պահանջվեց հաղթանակի համար: Պարտիայի վերջնամասում Տիգրան Քոթանջյանը որակական լուրջ առավելություն էր ստացել եւ Դանիելյանը ստիպված էր հանձնվել:
Առաջատարների խմբում ընթացող Ավետիք Գրիգորյանը եւ Աշոտ Անաստասյանը այս տուրում հանդիպեցին միմյանց հետ: Շախմատիստները այս պարտիայում մեծ ջանքեր չթափեցին եւ արդեն 19-րդ քայլում Գրիգորյանը իր ավագ գործընկերոջը առաջարկեց ոչ-ոքի: Ավետիքը դրական պատասխան ստացավ:
Անսպասելի արդյունք գրանցվեց Լեւոն Բաբուջյան-Արման Փաշիկյան մրցամարտում: Փաշիկյանը, որը բավական վստահ է հանդես գալիս ընթացիկ առաջնությունում պարտվեց ֆավորիտների թվին չդասվող մրցակցին եւ նահանջեց:
Շարունակում է միավորների պաշարը ավելացնել Տիգրան Նալբանդյանը, որը սպիտակներով հաղթեց Արա Մինասյանին եւ աստիճանաբար մոտենում է բարձր հորիզոնականներին: Դարձյալ սպիտակներով հաղթանակ տոնեց Արթուր Չիբուխչյանը, որը առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ:
Զավեն Անդրեասյան-Տիգրան Պետրոսյան պարտիայի սկզնախաղից հետո խճճված իրադրություն էր: 27-րդ քայլում այստեղ գրանցվեց խաղաղ ելք: