ԽԱՂ, ՈՐՏԵՂ ՖԱՎՈՐԻՏ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին
Բուքմեյքերները գտնում են, որ վաղը կայանալիք «Արարատ» (Հայաստան)-«Ակտոբե» (Ղազախստան)ֆուտբոլային մրցավեճում կողմերի հնարավորությունները հավասար են:
Մոսկվայում մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» 2009թ. խաղարկությունում «Արարատը» հանդես է գալիս Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» փոխարեն, որը վերջին տարիներին հրաժարվում է հանդես գալ այս մրցաշարում:
«Արարատը», որը վաղուց հանդես չի եկել ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների պայքարում Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ կանցկացնի իր առաջին պաշտոնական հանդիպումը: Հայկական թիմի հաղթանակի համար սահմանվել է 2.50 գործակից: Նույնքան գործակից է սահմանվել նաեւ «Ակտոբեի» հաղթանակի համար: Հայկական թիմի մրցակիցը Ղազախստանի 2008թ. չեմպիոնն եւ գավաթակիրն է: Ոչ-ոքի համար սահմանվել է 3.30 գործակից:
«Արարատ»-«Ակտոբե» մրցավեճը կայանալու է Մոսկվայի «Դինամո» մարզահամալիրում եւ սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: Սպասվում է, որ 2 թիմերին էլ աջակցելու կգան հայ եւ ղազախ ֆուտբոլասերները, որոնց թիվը Ռուսաստանի մայրաքաղաքում քիչ չէ:
Նախքան այս «Արարատը» «Համագործակցության գավաթի» խաղարկությանը մասնակցել է 1 անգամ: 1994թ. երեւանյան ակումբը Արմենակ Սարգսյանի գլխավորությամբ խիստ անհաջող ելույթ ունեցավ: «Արարատը» 1:4 հաշվով զիջեց «Կոպետդաղին» (Թուրքմենստան), 0:5 հաշվով` «Դինամոյին»(Մոսկվա, ՌԴ) եւ 2:3 հաշվով «Սկոնտոյին» (Լատվիա):