Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է

Սպորտ


Փետրվարին Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականը մասնակցելու է աշխարհի 8 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ազգային թիմի կազմը կորոշվի Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա:


«Վաղը մեկնարկում է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որում ելույթ կունենան մեր հանրապետության ուժեղագույն մարզիկներ: Հենց այս առաջնության ընթացքում էլ կորոշվի, թե հավաքականի կազմում ովքեր են ընդգրկվելու»,-նշեց օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:


Առաջնության մասնակիցների թվում չէ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը, որը 2008թ. օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի արժանացավ, իսկ Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ: Ջուլֆալակյանը նրա բացակայությունը բացատրեց այսպես. «Այսօր Հայաստանում Պատրիկեեւը մրցակցությունից դուրս է, ուստի առաջնությանը չի մասնակցելու: Հավանականությունը շատ մեծ է, որ Յուրին Հայաստանի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը»:


Առաջնության ավարտից հետո հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ կանցկացնի ուսումնամարզական հավաք.«Մարզչական շտաբը ուշադրությամբ հետեւելու է Հայաստանի առաջնությանը, որի ավարտից հետո ընտրված մարզիկները կմասնակցեն Երեւանում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ դա կլինի նախապատրաստական վերջին փուլ»:


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) պաշտոնական հրավերով աշխարհի 8 լավագույն թիմերին փետրվարի 20-21-ին պետք է վիճարկեն աշխարհի գավաթը: Ֆրանսիայում կայանալիք մրցաշարում մեր ընտրանու մրցակիցներն են լինելու են Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Կուբան, Ղազախստանը, Հունգարիան եւ Ադրբեջանը: