«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԿՕԳՆԵՆ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպին «Փյունիկը» պատրաստվում է փորձարկել 6 աֆրիկացի ֆոտբոլիստների: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ աֆրիկացիները կփորձարկվեն Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Ներկայումս «Փյունիկը» մարզվում է Երեւանում: Թիմի կազմում առայժմ ընդգրկված են բացառապես տեղացի ֆուտբոլիստներ: Հունվարի 25-ին Հայաստանի չեմպիոնը կմեկնի Սոչի` անցկացնելու իր առաջին ուսումնամարզական հավաքը: Առողջարանային քաղաքում հայ ֆուտբոլիստները կմարզվեն 11 օր: Այս ընթացքում էլ «Փյունիկի» մարզչական շտաբի տրամադրության տակ կլինեն աֆրիկացիները: Ռուսաստանում հայկական ակումբը նախատեսում է անցկացնել առնվազն 3 ստուգողական հանդիպում: Մրցակիցների անունները առայժմ հայտնի չեն, քանի որ նման խաղերը անցկացվում են տեղում պայմանավորվածություն ձեռք բերելով:
Սոչի ուսումնամարզական հավաքով «Փյունիկը» չի սահմանափակվի: Փետրվարին թիմը կմարզվի նաեւ Ֆրանսիայում, ապա հավաք կանցկացնի Անթալիայում, որից հետո էլ կձեւավորվի վերջնական կազմը:
Սպասվում էր, որ հունվար ամսին «Փյունիկից» կարող էր հեռանալ թիմի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին արտասահմանյան մի շարք թիմեր: Նոյեմբերին Հենրիխը նույնիսկ փորձաշրջան անցավ ֆրանսիական թիմերից մեկում, որի անունը գաղտնի էր պահվում: Հավանականությունը մեծ է, որ Մխիթարյանը կշարունակի ելույթները «Փյունիկում»: Ակումբի մամուլի քարտուղարությունում ընդգծեցին, որ երիտասարդ խաղացողի տեղափոխության մասին որեւէ տեղեկություն այս պահին չկա: