ԳՈՒՄԱՐԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ սամբիստների համար տարին սկսկվի փետրվարին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ այս մրցաշարին Հայաստանը կունենա առնվազն 2 ներկայացուցիչ:
Այս մրցաշարին Հայաստանը ներկայացնելու են Աշոտ Դանիելյանը (74կգ) եւ Վաչիկ Վարդանյանը (68կգ): Հավանական է, որ այս սամբիստներին միանա նաեւ 57 կգ քաշային Վահան Վարդանյանը: Նախքան Բելառուս մեկնելը Հայաստանի ներկայացուցիչները ուսումնամարզական հավաք չեն անցկացնելու: Պատճառը ֆինանսական սուղ միջոցներ են: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2009թ. պետբյուջեից ստանալու է 18 մլն դրամ: Դա 3 մլն-ով ավել է նախորդ տարի հատկացված գումարից, սակայն ֆեդերացիայում ընդգծեցին, որ ստացած գումարը բավականացնում է միայն խոշոր մրցաշարերին մասնակցելուն եւ դրանցից առաջ ուսումնամարզական հավաք կազմակերպելուն:
Օրինակ` ապրիլին Իտալիայի Միլան քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ հավաք Հայաստանի սամբոյի հավաքականը կանցկացնի: Ուսումնամարզական հավաք նախատեսվում է նաեւ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Իսկ ահա մյուս մրցաշարերին հայ մարզիկները նախապատրաստվում են Երեւանում` սովորական մարզումների միջոցով: