Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԶԲԵԿՆԵՐԻ, ԹԱԹԱՐՆԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ԴԵՄ

Սպորտ


Վաղը` հունվարի 16-ին, Մոսկվայում մեկնարկում է «Համագործակցության գավաթի» ֆուտբոլային մրցաշարը: Համառոտ ներկայացնում ենք Հայաստանի փոխեչեմպիոն «Արարատի» մրցակիցներին, որոնց հետ հայկական թիմը կմրցի A խմբում:


«Ռուբին» (ՌԴ)


Ռուսաստանի չեմպիոնը 50 տարվա պատմություն ունեցող ակումբ է: Կազանի ամենահայտնի մարզական թիմը առաջին անգամ է մասնակցում «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Արդեն հայտնել էինք , որ «Ռուբինը» 2-րդ կազմով է մասնակցելու մրցաշարին: Սակայն թիմի երիտասարդական կազմին են միացել 4 փորձառու ֆուտբոլիստներ, որոնք նախորդ մրցաշրջանում «Ռուբինից» վարձավճարով տեղափոխվել էին այլ ակումբներ:


Նրանք են պաշտպաններ Սերգեյ Նեստերենկոն («ԲՄԱ-Էներգիա»), Ալեքսանդր Կուլիկովը («Սալյուտ Էներգիա»), հարձակվողներ Ալեքսանդր Յարկինը («ԲՄԱ-Էներգիա») եւ Վլադիմիր Դյադյունը («Ռոստով»): Կազանցիների երիտասարդական թիմը Ռուսաստանի երիտասարդների 2008թ. առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, իսկ դեկտեմբերի 20-ից նախապատրաստվում է մոսկովյան մրցաշարին: Երիտասարդները գիտակցում են, որ սա լավ առիթ է գլխավոր թիմում հայտնվելու համար:


«Ակտոբե» (Ղազախստան)


Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեն» 4-րդ անգամ անընդմեջ ելույթ կունենա ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների մասնակցությամբ մրցաշարում: Նախորդ 3 դեպքերում էլ ղազախները չեն կարողացել հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: «Ակտոբեն» Ղազախստանի եռակյի չեմպիոն թիմ է: Վերջին տարիներին այս ակումբը կայուն առաջընթաց է ապրում, իսկ 2008թ. «Ակտոբեն» Ղազախստանում հաղթել է բոլոր հնարավոր տիտղոսները: Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Մուխանովը նախքան Մոսկվա մեկնելը հայտարարել էր, որ իր սաները պարտավոր են դուրս գալ քառորդ եզրափակիչ. «Հաջող հանդես գալու ցանկությունը մեծ է: Մենք չենք պատրաստվում հանձնվել Հայաստանի եւ Ուզբեկստանի փոխչեմպիոններին, ինչպես նաեւ Ռուսաստանի չեմպիոն փոխարինողների կազմին»:


«Պախտակոր» (Ուզբեկստան)


Տաշքենդի «Պախտակորը» ինչպես եւ «Արարատը» իր երկրի փոխչեմպիոնն է: Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորը» Երեւանի «Փյունիկի» պես հրաժարվել էր «Համագործակցության գավաթի» խաղարկությունից: Իսկ ահա «Պախտակորը», որը 8 անգամ դարձել է երկրի չեմպիոն, ցանկություն է հայտնել փոխարինել «Բունդեկորին»: «Պախտակորը» այն եզակի թիմերից է, որը մեծ հաճույքով է մասնակցում մոսկովյան մրցաշարին: Այն լավ առիթ է հանդիսանում ֆուտբոլիստների վաճառելու համար: 2007թ. ուզբեկական ակումբը հաղթեց «Համագործակցության գավաթի» խաղարկությունում, իսկ 2008թ. հասավ մինչեւ եզրափակիչ: