Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ Է ԲԱՑՎՈՒՄ

Սպորտ


Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը գալիք մրցաշրջանին կներկայանա զգալիորեն փոփոխված կազմով: Թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբի չի երկարաձգել պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների հետ, փոխարենը թիմում են նոր խաղացողներ:


«Առաջիկա մրցաշրջանում «Ուլիսում» չեն լինի Արամ Հակոբյանը, Ռաֆայել Նազարյանը, Արշակ Ամիրյանը, Գոռ Աթաբեկյանը եւ Ադոֆե Շովբոյը: Նրանց հետ պայմանագրերը չեն երկարաձգվել»,-ասաց Սեւադա Արզումանյանը: Այս ֆուտբոլիստներից Ռաֆայել Նազարյանը որոշել է հրաժեշտ տալ ֆուտբոլային կարիերային, իսկ մնացածները նոր ակումբներ են փնտրում: Մասնավորապես Գոռ Աթաբեկյանը մարզվում է «Արարատի» հետ:


Սեւադա Արզումանյանը հայտնեց, որ «Ուլիսը» արդեն ունի լուրջ ձեռքբերումներ. «Արդեն պայմանագրեր ենք կնքել Կարեն Ալեքսանյանի, Արմեն Տիգրանյանի եւ Դավիթ Գրիգորյանի հետ: Ներկայումս բանակցություններ են ընթանում տեղացի եւ արտասահմանցի այլ ֆուտբոլիստների հետ: Դեռ կոնկրետ ոչինչ հայտնի չէ, ուստի անուններ տալ չեմ կարող»:


«Ուլիսի» նոր խաղացողները Հայաստանի հավաքականում եւ արտասահմանում հանդես գալու փորձ ունեն, իսկ Կարեն Ալեքսանյան ներկայումս էլ հանդիսանում է ազգային թիմի ֆուտբոլիստ:


Ակումբի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ «Ուլիսը» ներկայումս մարզվում է Երեւանի մարզադահլիճներում ինչպես նաեւ Մասիսի քաղաքային մարզադաշտում: Ներկայումս նորոգման աշխատանքներ են կատարվում թիմի Ոսկեհատ գյուղում գտնվող մարզաբազայում. «Այնտեղ կլինեն բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք ուսումնամարզական հավաք անցկացնելու համար»:


Նախորդ մրցաշրջանում բավական հաջող էր հանդես եկել «Ուլիսի» դուստր ակումբը` «Շենգավիթը», որը հաղթել էր Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Արզումանյանը հույս ունի, որ այս թիմում ընդգրկված երիտասարդները եւս այս տարի իրենց կդրսեւորեն արդեն բարձրագույն խմբում. «Մեր թիմում անպայման տեղ կունենան երիտասարդները: Մի շարք ֆուտբոլիստների հետ, պայմանագրերը չեն երկարաձգվել, քանի որ ունենք երիտասարդ խոստումնալից տղաներ»: