Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՊԱՐՏՎԵՑ

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատար Արթուր Չիբուխչյանը 4-րդ տուրում իր առաջին պարտությունը կրեց: Գյումրեցի շախմատիստը սեւերով զիջեց Տիգրան Քոթանջյանին:

Քոթանջյան-Չիբուխչյան պարտիան բավական երկար ընթացք ունեցավ: Սպիատկներով հանդես եկող Տիգրան Քոթանջյանը 2 զինվորի առավելություն ստանալով պարտիան հասցրեց հաղթական ավարտի: Այս հաղթանակի շնորհիվ Տիգրանը միավորների քանակը հասցրեց 3-ի:

Նույնքան միավոր է վաստակել նաեւ Արման Փաշիկյանը, որը այսօր ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրեասյանի հետ: Սա տուրի միակ խաղաղ ելքն էր, իսկ ահա մյուս պարտիաներն արդյունավետ ավարտ ունեցան:

Առաջին հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանը, որը մինչ այս, միավոր չէր վաստակել: Հայաստանի հավաքականի խաղացողը սպիտակներով առավելության հասավ պատանի Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Առաջին հաղթանակը տոնեց նաեւ Լեւոն Բաբուջյանը, որը սեւերով պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին: Անսպասելի պարտություն կրեց հավաքականի անդամ Արտաշես Մինասյանը, որը սպիտակներով զիջեց երիտասարդ Ավետիք Գրիգորյանին: Այս անհաջողությունն ընթացիկ առաջնությունում առաջինն էր Մինասյանի համար:

Աշոտ Անաստասյանը սպիտակներով հաղթեց Տիգրան Նալբանդյանին, որը բավական անհաջող է հանդես գալիս 2009թ. առաջնությունում: Առաջնության միակ կին շախմատիստը` Էլինա Դանիելյանը, սեւերով հաղթեց Արա Մինասյանին:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Արման Փաշիկյանը, Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Քոթանջյանը: