Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ՏԵՂԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ

Սպորտ


Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ» ֆուտբոլային ակումբը վաղը առավոտյան կմեկնի Մոսկվա, որտեղ մեկ օր անց մեկնարկում է «Համագործակցության գավաթի» խաղարկության 2009թ. խաղարկությունը: «Արարատ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ արդեն հայտնի է, թե թիմը ինչպիսի կազմով է մեկնելու Մոսկվա: Կազմում ընդգրկված են 20 ֆուտբոլիստներ, որոնց թվում չեն «Արարատի» մի շարք առանցքային խաղացողներ: Լեգեոներներ թիմում չկան, թեեւ «Արարատը» համարվում է «ինտերնացիոնալ» թիմ:

Վերջին պահին մեկնողների ցանկում է հայտնվել Հրայր Մկոյանը, որը 2008թ. մրցաշրջանում «Արարատի» առանցքային պաշտպաններից մեկն էր: Վերջին օրերին թիմի հետ մարզվող Գալուստ Պետրոսյանը Մոսկվա չի մեկնի: Պետրոսյանի հետ պայմանագիր առայժմ ակումբի չի կնքել:

«Արարատի» գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնելու ոչ միայն նրա օգնականները, այլեւ խորհրդատու Արկադի Անդրեասյանը: Հայկական ակումբը Մոսկվա կժամանի վաղը տեղի ժամանակով 11:30-ին: «Դոմոդեդովո» օդանավակայանից ֆուտբոլիստները կտեղափոխվեն հյուրանոց, իսկ 17:00-ին մարզում կանցկացնի «Դինամո» մարզահամալիրում, որտեղ հաջորդ օրը Երեւանի ժամանակով 20:00-ին կմրցի ղազախական «Ակտոբեի» հետ:

«Արարատի» մրցակիցները եւս հրապարակել են այն կազմերը, որոնցով ելույթ կունեն ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների մասնակցությամբ մրցաշարում: Ինչպես եւս սպասվում էր Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը» 2-րդ կազմն է գործուղել Մոսկվա: Կազանցիների հիմնական կազմը ներկայումս Թուրքիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեն» մարտական կազմով կժամանի Մոսկվա: «Ակտոբեն» մրցաշարից առաջ 2 ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնք ուղեկցվել են մի շարք ստուգողական հանդիպումներով:

Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորը», որը եւս ընդգրկված է A խմբում, որոշակի կարդային խնդիրներ ունի: Հունվարի 21-ին Ուզբեկստանի ազգային հավաքականը պաշտոնական հանդիպում պետք է անցկացնի, իսկ «Պախտակորի» կազմում ընդգրկված են ազգային հավաքականի 8 ֆուտբոլիստներ: Ակումբը որոշել է հավաքականի թեկնածուներին օգտագործել առաջին 2 հանդիպումներում: Մեկնարկային խաղում «Պախտակորը» մրցելու է «Ռուբինի» հետ, իսկ հունվարի 18-ին` «Արարատի»: