Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՍՏԱՆԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Սպորտ


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ 2008թ. «Արդար խաղի» (Fair Play) մրցանակը կստանան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ընթացքում:


«Արդար խաղի» մրցանակը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին հանձնվելու է ֆուտբոլի միջեւ խաղաղություն հաստատելու համար:


2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականները (0:2): Թեեւ 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն խաղը անցավ առանց արտառոց երեւույթների, իսկ հանդիպմանը հետեւեցին 2 երկրների նախագահները:


Բացի այդ` 2008թ. օգոստոսին Երեւանում հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները (2:1), իսկ նույն տարվա մայիսին Աբովյանում մրցեցին Հայաստանի եւ Թուրքիայի մինչեւ 19 տարեկանների ընտրանիները (1:2):


Ի դեպ, այսօր Ցյուրիխում կայանալիք գալա-մրցանաբաշխության ընթացքում «Արդար խաղը» չէ, որ ուշադրության կենտրոնում է լինելու:


Ֆուտբոլային աշխարհին հետաքրքրում է, թե ով է ճանաչվելու 2008թ. աշխարհի լավագույն խաղացող: Գլխավոր հավակնորդ է համարվում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի 2008թ. խաղարկության հաղթող: Ռոնալդուն 2008թ. դեկտեմբերին արդեն ճանաչվել էր Եվրոպայի տարվա խաղացող` ստանալով «Ոսկե գնդակը»: