Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՌՈՆԱԼԴՈՒՆ

Սպորտ


Անցնող տարին լի էր մարզական իրադարձություններով: «Զույգ» տարիները որպես կանոն ավելի հագեցած են լինում սպորտի համար: «Ա1+»-ը, ամփոփելով տարին, առանձնացրել է Հայաստանի եւ համաշխարհային սպորտի տարվա կարեւորագույն 10 իրադարձությունները:

1. «Պեկին-2008»

Օգոստոսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացան ամառային օլիմպիական խաղերը: Ինչպես եւ սպասվում էր խաղերը անցան չինացիների բացահայտ առավելությամբ: Չինաստանը ներկայացնող մարզիկները միանգամից 51 ոսկե մեդալի արժանացան: Ընդհանուր առմամբ` Չինաստանը 100 մեդալ նվաճեց: 110 մեդալի արժանացավ ԱՄՆ-ն, սակայն ամերիկացիները ընդամենը 36 ոսկու արժանացան, ուստի գրավեցին 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանը: Հայաստանը օլիմպիական չեմպիոն չունեցավ: Փոխարենը հայ մարզիկները 6 բրոնզե մեդալի արժանացան եւ հանգրվանեցին 79-րդ տեղում:

2. «Եվրո-2008»

Եվրոպան հանձինս Իսպանիայի ունեցավ նոր չեմպիոն: Իսպանացիները հաջողության հասան Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Եզրափակիչում Լուիս Արագոնեսի սաները 1:0 հաշվով առավելության հասան գերմանացիների նկատմամբ: Անակնկալ մատուցեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները, որոնք հասան մինչեւ եզրափակիչ:

3. Հայաստան-Թուրքիա

Առաջին անգամ միմյանց հանդիպեցին ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականները: Խաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Մերոնք պարտվեցին 0:2 հաշվով: Իսկ մինչ այս նույն մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Թուրքիայի երիտասարդական ընտրանու նկատմամբ:

4. Համաշխարհային օլիմպիադա

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում կրկին հաջողության հասավ Հայաստանի հավաքականը: Հայ շախմատիստները նման հաջողության հասան 2-րդ անգամ անընդմեջ:

5. Անգլիական եզրափակիչ

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկության եզրափակիչում հանդիպեցին անգլիական 2 թիմեր` «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»: Մայիսին Մոսկվայում կայացած եզրափակիչում հաջողությունը ուղեկցեց «Մանչեսթեր Յունայթեդին», որը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցները ավելիկ դիպուկ իրացնելու շնորհիվ:

6. Արթուրը եւ Վախթանգը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը եւ Վախթանգ Դարչինյանը շարունակում են հաջող ելույթներ ունենալ աշխարհի տարբեր ռինգերում: Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը միջին քաշային կարգում հաջողությամբ պահպանեց չեմպիոնական գոտիները եւ հերթական անգամ ճանաչվեց Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Վախթանգ Դարչինը (Ավստրալիա) եւս հաջող մրցաշրջան անցկացրեց` միավորնելով չեմպիոնական գոտները: Այժմ Վախթանգը չեմպիոն է IBF, WBC եւ WBA վարկածներով:

7. «Ոսկե գնդակը» Ռոնալդուին

Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Եվրոպայի 2008թ. լավագույն ֆուտբոլիստ` ստանալով «Ոսկե գնդակը»: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հիանալի մրցաշրջան անցկացրեց եւ արժանիորեն ճանաչվեց լավագույնը «հին աշխարհամասում»:

8. Ռուսաստանը աշխարհի չեմպիոն

Հոկեյի Ռուսաստանի հավաքականը 15 տարվա ընդմիջումից հետո դարձավ աշխարհի չեմպիոն: Կանադայում կայացած աշխարհի 72-րդ առաջնությունում ռուսները հեշտությամբ հասան եզրափակիչ, որտեղ դժվարին պայքարում հաղթեցին կազմակերպիչներին` Կանադայի հավաքականի հոկեյիտսներին:

9. Մասնակիցների քանակը ավելացավ

ՈՒԵՖԱ-ն ընդունեց սենսացիոն որոշում. 2016 թվականից Եվրոպայի առաջնություններին 16-ի փոխարեն կմասնակցեն 24 թիմեր: Որոշումը ցնցեց ֆուտբոլային աշխարհին եւ դարձավ քննարկումների լուրջ թեմա: Ամեն դեպքում այն ձեռնտու է Հայաստանին, քանի որ եզրափակիչ փուլ դուրս գալը այժմ ավելի հեշտ կլինի, քանի գործող կանոնակարգով:

10. Ուժեղագույնն ենք Եվրոպայում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կրկին հաջողության հասավ Եվրոպայի առաջնությունում: Իտալիայի Լուգանո քաղաքում կայացած 2008թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 13 ոսկե մեդալի արժանացավ, որոնցից 4-ը մեր ծանրորդները նվաճեցին երկամարտի արդյունքում: