Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՍՏԵՐԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՈՆԵՑԿ

Սպորտ


2008թ. ընթացքում Հայաստանի հավաքականի ներկայիս եւ նախկին 27 ֆուտբոլիստներ ելույթ են ունեցել արտասահմանյան ակումբներում: Այս թիվի մեջ մտնում են նաեւ ֆուտբոլիստներ, որոնց վաղուց չեն հրավիրվում Հայաստանի հավաքական:


Տարին արտասահմանում հանդես եկած հայ ֆուտբոլիստներից հաջող էր հատկապես Արտավազդ Քարամյանի համար: Արտյոմը հանդես գալով ռումինական «Տիմիշոարայում» լավ մրցաշրջան անցկացրեց` դառնալով իր թիմի առաջատարը: Հանդես գալով կիսապաշտպանությունում Քարամյանը նաեւ արդյունավետ խաղ ցուցադրեց: Պատահական չէ, որ ներկայումս Արտավազդ Քարամյանը ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստն է (2 մլն եվրո):


Արտավազդի երկվորյակ եղբայրը` Արման Քարամյանը, եւս հանդես եկավ «Տիմիշոարայում»: Արմանը հիմնականում դուրս էր գալիս փոխարինման եւ հազվադեպ լինում մեկնարկային կազմում:


Փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար 2008թ. լավագույնը չէր նրա կարիերայում: Մերձմոսկովյան «Խիմկին», որտեղ ելույթ է ունենում Ռոմանը, հազվադեպ էր անառիկ պահում սեփական դարպասը: Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականի դարպասապահը աչքի ընկավ հուսալի խաղով եւ դարձավ Ռուսաստանի առաջնություններում երբեւէ ամենաշատ 11 մետրանոց ետ մղած ֆուտբոլիստը:


Շվեդական ԳԱԻՍ-ի կազմում ելույթ ունեցած Լեւոն Պաչաջյանը առաջին մրցաշրջանը անցկացրեց Գյոթերբորգ քաղաքի այս թիմում: Լեւոնը սկզբում բավական հաջող մերվեց թիմին, սակայն հետագայում առանձնապես չփայլեց: 2007թ. Հայաստանի լավագույն խաղացողի խաղը վրա ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ ԳԱԻՍ-ը բարձր մակարդակի ակումբ չէ:


Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը եւս առաջին մրցաշրջանը անցկացրեց արտասահմանում` ելույթ ունենալով դանիական «Ռանդերսում»: Ռոբերտը մի շարք հանդիպումներում ընդգրկվեց միայն պահեստայինների նստարանին:


Դոնեցկի «Մետալուրգի» կազմում հանդես եկած Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը տարբեր կերպ ելույթ ունեցան ուկրաինական թիմում: Առաքելյանին երբեմն հաջողվում էր հանդես գալ մեկնարկային խաղում: 2 անգամ Արարատը նույնիսկ կարեւոր գոլերի հեղինակ դարձավ: Իսկ ահա Մելքոնյանը առայժմ համարվում է փոխարինողների կազմի խաղացող:


Փորձառու ֆուտբոլիստներ Արթուր Ոսկանյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը տարին անցկացրեցին Բելառուսի Վիտեբսկ քաղաքի համանուն թիմում: Հայ ֆուտբոլիստները որպես կանոն «Վիտեբսկի» հիմնական կազմում էին: Բելառուսի առաջնության ավարտից հետո Ոսկանյանը հեռացավ թիմից, իսկ Թադեւոսյանը կշարունակի ելույթները:


Տարին Բելառուսում ավարտեց նաեւ Կարեն Ալեքսանյանը: Մրցաշրջանի սկզբում Երեւանի «Բանանցում» հանդես գալով Կարենը ամռանը տեղափոխվեց Ժոդինոյի «Տորպեդո», սակայն նոյեմբերին խզեց թիմի հետ պայմանագիրը եւ վերադարձավ Հայաստան: Բելառուսական «Գոմելում» ելույթ ունեցան Հայաստանի հավաքականի խաղացողներ Աղվան Մկրտչյանը եւ Արա Հակոբյանը: 2 Ֆուտբոլիստներն էլ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքեցին Երեւանի «Միկայի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել Ամստերդամի «Այաքսի» կազմում: Էդգարը երբեմն հանդես եկավ «Այաքսի» երիտասարդական կազմում: