Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՄՎՈԼԻԿ ԳՈՒՄԱՐՆ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ Է «ՖՈՒՐՄԱՆԻՆ»

Սպորտ


«Ֆուրման» մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը շարունակում է փնտրել միջոցներ պրոֆեսիոնալ ակումբ հիմնելու համար: Ակումբի նախագահ Արթուր Աբրահամյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ցանկանում են մասնակցել 2009թ. Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:


«Հաղթելով Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում, մեր այս տարիքային խմբի տղաները այլեւս հնարավորություն չունեն մասնակցել պատանեկան առաջնությունների: Նրանք արդեն կարող են հանդես գալ մեծահասակների մրցաշարերում: Ցավոք, մենք չունենք թիմ, որը մասնակցում է առաջին խմբի առաջնությանը»,-նշեց Աբրահամյանը:


«Ֆուրմանի» նախագահի կարծիքով` պրոֆեսիոնալ թիմ ունենալը անհրաժեշտություն է դարձել. «Մենք ցանկանում ենք, որ մեր 18 տարեկան ֆուտբոլիստները շարունակեն ելույթները, ուստի փորձում ենք գտնել հովանավոր եւ ելույթ ունենալ առաջնությունում: Ցավոք, ֆուտբոլը այսօր քչերին է հետաքրքրում: Հովանավորողներ առայժմ չկան: Եթե մոտ ապագայում չլինեն, ապա չենք կարողանա մասնակցել առաջին խմբի առաջնությանը»:


Աբրահամյանը նշեց, որ առաջին խմբում ելույթ ունենալու համար սիմվոլիկ գումաներ են անհրաժեշտ. «Այսօր ֆուտբոլում ֆանտաստիկ գումարներ են պտտվում, սակայն մեզ անհրաժեշտ է 25-30 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը թույլ կտա մեզ մուծել անդամավճարը, թիմին ապահովել տրանսպորտով ողջ մրցաշրջանի ընթացքում»:


Անկախ ամեն ինչի «Ֆուրմանը» շարունակելու է իր գործունեությունը մանկապատանեկան ֆուտբոլի ասպարեզում. «Եթե հովանավոր չլինի, ապա մենք շարունակելու ենք ելույթ ունենալ մանկապատանեկան առաջնություններում: Մենք լուրջ ծրագրեր ունենք, որոնք ժամանակի ընթացքում ցանկանում ենք իրագործել: Վերջին շրջանում աշխատում էինք մեր կայքի վրա, որում ներկայացնում ենք մանկապատանեկան ֆուտբոլի մասին հոդվածներ, տեղեկություններ, վերլուծություններ»: