ՆՊԱՏԱԿԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՏարվա ամփոփում
«Այս տարի մեր նպատակը միջազգային ասպարեզ դուրս գալու նախադրյալներ ստեղծելն էր: Մենք ցանկանում ենք Եվրոպայում ելույթ ունենալ պատճաշ մակարդակով եւ այս տարին տվեց շատ հարցերի պատասխան», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի հավաքական թիմերն այս տարի մասնակցել են Թեհրանում կայացած միջազգային մրցաշարին, որն էլ եղել է մեր թիմերի համար ուժերի փորձարկման հիմնական ստուգատեսը. «Արդյունքները գոհացուցիչ էին եւ գտնում եմ, որ Հայաստանը հաջորդ տարի կարող է մասնակցել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Թե կանանց, թե տղամարդկանց ազգային հավաքականները հաջորդ տարի ելույթ կունենան C դիվիզիոնում»:
Խոսելով Հայաստանի առաջնությունների մասին` Հրաչյա Ռոստոմյանը ասաց. «Խաղացանկը թույլ տվեց, որ 7-8 ամիս Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունում հանդես եկող թիմերը խաղային պրակտիկա ունենան: Թիմերը 25-30 հանդիպում անցկացրին: Ընդլայնվեց նաեւ բասկետբոլի աշխարհագրությունը Հայաստանում: Մարզերում մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը ավելացել է»: Հետքրքրությունը պահպանելու եւ մեծացնելու համար ՀԲՖ-ն ունի իր մարտավարությունը. «Այո, մենք տեղում չենք դոփում, բայց ահռելի աշխատանք կա կատարելու եւ հաջորդ տարի այս ժամանակահատվածում մենք լրիվ այլ արդյունքներով ենք մտադիր ամփոփել տարին: Շատ եմ կարեւորում ՖԻԲԱ-ի հետ համագործակցությունը, որի աջակցության շնորհիվ Հայաստանում հնարավոր եղավ կազմակերպել «քեմփ» մարզիչների եւ խաղացողների համար: Սեմինար-պարապունքները շարունակվելու են նաեւ հաջորդ տարի»:
Հենց ՖԻԲԱ-ի շնորհիվ ՀԲՖ-ն այս տարի Հայաստանում գործող բոլոր մարզադպրոցներին ապահովել է գնդակներով. «Շուրջ 3000 որակյալ գնդակ ենք բաժանել Հայաստանի մարզադպրոցներին: Արդեն սկսել ենք նաեւ հանրակրթական դպրոցներին տրամադրել գնդակներ: Բացի այդ Գյումրիի թիվ մեկ մարզադպրոցին ֆինանսական աջակցություն ցուցաբերեցինք, քանի որ այստեղ բասկետբոլը լավ հիմքերի վրա է»:
Հրաչյա Ռոստոմյանը ընդգծեց, որ ամեն ինչ հարթ չի ընթացել. «Դեկտեմբերին Երեւանում նախատեսված էր Վիտալի Զաստուխովի անվան հուշամրցաշարը, բայց այն ձախողվեց: Արտասահմանից հրավիրված թիմերը վերջին պահին հրաժարվեցին՝ մեզ կանգնեցնելով փաստի առջեւ»:
Ֆեդերացիայի նախագահը հայտնեց նաեւ, որ վերջերս շահագործման է հանձնվել ՀԲՖ-ի վեբ-կայքը. «Արդեն մի քանի օր է գործում է www.basket.am կայքի նոր տարբերակը, որը օպերատիվ տեղեկատվություն է տալիս Հայաստանի եւ համաշխարհային բասկետբոլի մասին: Կայքի նպատակը հայկական ԶԼՄ-ներին եւ բասկետբոլի հայ սիրահարներին տեղեկատվությամբ ապահովելն է»: