Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳՈՀԱՐՅԱՆԸ

Սպորտ


Վերջերս հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը իրավունք ունի ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին հայտարարել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Սակայն, Գոհարյանի Հայաստանում հանդես գալու հեռանկարը զայրացրել է «Լոկոմոտիվի» ղեկավարներին: Մոսկովյան ակումբի նախագահ Նիկոլայ Նաումովը հայտարարել է, որ Հայաստանում ելույթ ունենալը բացասական ազդեցություն կունենա Հովհաննեսի վրա. «Կարծում եմ շուտով ՌՖՄ-ն որոշում կընդունի, համաձայն որի խաղացող, եթե հանդես է գալիս այլ երկրի ազգային հավաքականում, ապա անմիջապես համարվելու է լեգեոներ: Երբ որ դա տեղի կունենա Գոհարյանը աշխատանք գտնելու խնդիրներ կունենա, քանի որ լեգոներների թիվը ռուսական ակումբներում սահմանափակ է»:

Ավելի վաղ Հովհաննես Գոհարյանը նշել էր, որ կցանկանար ուժերը փորձել այլ ակումբում: Հայ ֆուտբոլիստը, ելույթ ունենալով «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմում, վերջին 2 տարիներին ճանաչվում է Ռուսաստանի փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու: Թեեւ Հովհաննեսը արդյունավետ խաղ է ցուցադրում, սակայն «Լոկոմոտիվի» գլխավոր թիմից այդպես էլ հրավեր չի ստացել: Ֆուտբոլիստի գործակալ Արսեն Մինասովը հայտնել է, որ Գոհարյանը «Լոկոմոտիվից» կհեռանա վարձավճարով, իսկ ահա վաճառել նրան, ակումբը չի պատրաստվում: Ներկայումս գործակալը բանակցում է մի շարք ռուսական թիմերի հետ՝ քննարկելով հնարավոր տեղափոխության մանրամասները: