ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼ
Աջակցիր «Ա1+»-ին«Պոլիտեխնիկի մարզական ակումբի 50-ամյակը նշանավորվեց մեր հիմնական 2 մարզաձեւերի` ֆուտզալի եւ բասկետբոլի թիմերի հանրապետության առաջնություններում ունեցած հաղթանակներով: Սա լավ նվեր էր հոբելյանական տարում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանը:
«Պոլիտեխնիկը» ակումբը թիմեր ունի Հայաստանի ֆուտզալի եւ բասկետբոլի տղամարդկանց առաջնություններում: Բասկետբոլի թիմը վերջին 3 տարիներին դարձել է Հայաստանի չեմպիոն:
«Ունենք փոքր տարիքի, ուսանողական եւ մեծահասակների բասկետբոլային թիմեր: Մեր թիմում է խաղում Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը` 216 սմ հասակ ունեցող Հովհաննիսյանը Արմենը, որը բավական փորձառու բասկետբոլիստ է: Երիտասարդները շատ բան ունեն նրանից սովորելու եւ սովորում են»-ընդգծեց Մեհրաբյանը:
Խոսելով ֆուտզալի թիմի մասին` Մեհրաբյանը նշեց, որ ներկայումս թիմում մեծ թիվ են կազմում փորձառուները. «Քանի որ փորձառու խաղացողները շարունակում են լավ որակի խաղ ցուցադրել, մենք չենք կարողանում սերնդափոխություն իրականացնել, չնայած արդեն սկսել ենք նաեւ երիտասարդներին հնարավորություն տալ հանդես գալ գլխավոր թիմում»:
Ճարտարագետական համալսարանում ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը բավական մեծ է, ուստի մարզական ակումբը կազմակերպում է ներբուհական առաջնություն, որում հանդես են գալիս թիմեր` ըստ ֆակուլտետների.«Այս առաջնությանը ուսանողները մեծ սիրով են մասնակցում, իսկ յուրաքանչյուր ֆակուլտետի թիմին աջակցելու են գալիս բազաթիվ ուսանողներ, որոնք ամեն կերպ աջակցում են իրենց ուսանող ընկերներին: Ընդհանրապես` ինձ թվում է, որ ֆուտզալը դա տիպիկ հայկական մարզաձեւ է: Պարզապես պետք է ուշադրությունն այս մարզաձեւի նկատմամբ մեծանա եւ ավելի լուրջ մոտեցում լինի գործին: Ես համոզված են, որ եթե ֆուտզալի նկատմամբ ուշադրությունը լիներ մեծ ֆուտբոլի նման, ապա 3-4 տարի հետո մենք ակումբային մակարդակով կարող էինք լուրջ հաջողությունների հասնել` ընդհուպ մինչեւ Եվրոպայի մրցանակակիր»:
«Պոլիտեխնիկը» վերջին տարիներին ելույթ է ունենում նաեւ միջազգային ասպարեզում, սակայն դա ակումբի համար շատ թանկ հաճույք է:
«Ամեն անգամ տարբեր տեղերից գումարներ հայթայթելով մի կերպ մեկնում ենք մրցավայր: Իսկ ակումբը եկամտի աղբյուր չունի: Հայաստանի նախորդ առաջնությունում հաղթելու համար ՀՖՖ-ն մեզ 1 մլն դրամ պարգեւավճար տվեց, որի վրա 2 մլն դրամ էլ ավելացրեց համալասարանը եւ կարողացանք օգոստոսին մեկնել Ֆրանսիա` մասնակցելու որակավորման փուլի մրցաշարին: Բայց գնացինք ընդամենը 8 ֆուտբոլիստներով, մինչդեռ կազմում պետք է լիներ 12 հոգի: Նման իրավիճակում մեր թիմը միայն առաջին խաղակեսերում կարողացավ հավասար պայքար մղել, իսկ 2-րդ կեսում մրցակիցը արդեն առավելություն էր ստանում, քանի որ «Պոլիտեխնիկը» փոխարինումներ կատարելու հնարավորություն չուներ», - եզրափակեց Մեհրաբյանը: