Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՐԵԶԴԵՆ

Սպորտ


Տարվա ամփոփում

Հայաստանի շախմատի հավաքականի հաղթանակը Դրեզդենի օլիմպիադայում դարձավ տարվա գլխավոր իրադարձությունը ոչ միայն հայկական շախմատի, այլեւս ողջ սպորտի համար: Պատահական չէ, որ Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Գաբրիել Սարգսյանը:

Կրկնակի չեմպիոն

Հայաստանի հավաքականի հաղթանակը 38-րդ համաշխարհային օլիմպիադայում անկնկալ էր շատերի համար: Թեեւ մեր ընտրանին Գերմանիայում ելույթ էր ունենում որպես գործող չեմպիոն, սակայն ունենալով օլիմպիադայում ընդամենը 9-րդ վարկանիշը` Հայաստանը չէր դասվում ֆավորիտների շարքին:

Բայց մեկնարկային տուրերը ցույց տվեց, որ Արշակ Պետրոսյանի գլխավորած հավաքականը պայքարելու է չեմպիոնության համար: 11 տուրերում Հայաստանը ընդամենը մեկ պարտություն կրեց, իսկ մյուս հանդիպումներում վերելքով հանդես եկավ: Վճռորոշ էին հատկապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակները: Հիանալի հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը ճանաչվեց Օլիմպիադայի լավագույն խաղացող: Հաջող ելույթ ունեցավ նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը մի շարք կարեւոր միավորներ վաստակեց: Առաջին անգամ օլիմպիադայում ելույթ ունեցող Տիգրան Պետրոսյանը եւս իր բարձրության վրա էր: Իսկ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ինչպես միշտ առաջին խաղատախտակի վրա դիմացավ ճնշմանը:

Կանայք կրկին տասնյակում

Վերջին տարիներին Հայաստանի շախմատի կանանց հավաքականը աչքի է ընկնում կայունությամբ: Այս տարի հայ շախմատիստուհիները օլիմպիադայում գրավեցին 6-րդ հորիզոնականը: Անհատական պայքարում եւս Հայաստանի ներկայացուցիչները մի շարք տպավորիչ ելույթներ ունեցան: Մասնավորապես Լիլիթ Մկրտչյանը սեպտեմբերին կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:

Արոնյանը բարձր հորիզոնականներում

Անհատական պայքարում հայ շախմատիստներից ամենահաջողը հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Հայ շախմատիստը մի շարք մրցաշարերում բարձր արդյունքներ ցույց տվեց: Մասնավորապես հունվարին Լեւոնը հիանալի խաղաց Վեյկ ան Զեեի մրցաշարում: Վերջերս էլ Նանցզինում կայացած մրցաշարում եւս Արոնյանը վատ հանդես չեկավ` գրավելով 2-րդ հորիզոնականը: Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում պահպանեց տեղը լավագույն տասնյակում` մնալով 6-րդ հորիզոնականում: Մեր մյուս գրոսմայստերները անհատական մրցաշարերում առանձնապես չփայլեցին: Գաբրիել Սարգսյանը թեեւ հավաքականի կազմում փայլեց, սակայն մի շարք մրցաշարերում ձախողվեց: Նույնը կարելի է ասել Վլադիմիր Հակոբյանի մասին:

Սամվելի հաջող ելույթները

Հայաստանի պատանի շախմատիստների համար այս տարին լավագույնը չէր: Աշխարհի պատանեկան առաջնությունում մերոնք մեդալ չունեցան: Բայց նույն այդ առաջնությունում շատ լավ հանդես եկավ 15-ամյա Սամվել Տեր-Սահակյանը, որը ելույթ ունենալով մինչեւ 18 տարեկանների պայքարում միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց չեմպիոնի կոչումը: Սամվելը այս տարի մի շարք տպավորիչ պարտիաներ անցկացրեց, մեծ առաջընթաց ունեցավ եւ որ ամենակարեւորն է, լրացրեց գրոսմայստերի նորմա` դառնալով Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ գրոսմայստերը: