Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ` ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Սպորտ


«Փյունիկի» 18-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երիտասարդ խաղացողը, որը արդեն 13 տարի է զբաղվում է ֆուտբոլով 2008թ. մրցաշրջանի հայտնություններից մեկն էր: «Հայրիկիս ընկերոջ նախաձեռնությամբ գնացի ֆուտբոլի: Սկսել եմ մարզվել «Փյունիկի» մարզադպրոցում, որտեղ իմ առաջին մարիզը եղել է Ժորա Ֆիլիպոսյանը: Առաջին տարիներին հիմնականում հանդես եմ եկել ինձանից 2-3 տարի ավագ խաղացողների հետ: Հենրիխ Մխիթարյանի հետ ընդգրկված էինք միեւնույն թիմում: Իսկ «Փյունիկ-2»-ում հայտնվեցի, երբ այն մարզում էր Արմեն Գյուլբուդաղյանցը»-նշեց Դավիթը:

Մանոյանների ընտանիքը կարելի է ֆուտբոլային անվանել: Բացի Դավիթից ֆուտբոլով է զբաղվում նաեւ նրա կրտսեր եղբայր Վահագնը. «Եղբայրից ինձանից փոքր է երկու տարով եւ դարձյալ մարզվում է «Փյունիկի» մարզադպրոցում, հանդես է գալիս կրկին կիսապաշտպանությունում: Մենք հաճախ ենք դիտում միմյանց մասնակցությամբ հանդպումները, ասում նկատած թերությունները: Այդ գործում հատկապես ակտիվ է Վահագնը: Ֆուտբոլի մեծ սիրահար են նաեւ ծնողներս: Հայրս էլ միշտ անում է դիտողություններ, փորձում օգնել ինձ տարբեր ֆուտբոլային հարցերում, իսկ մայրս միշտ ինձ աջակցում է, հավատ ներշչնում»:

Ի դեպ, Դավիթը ազատ ժամանակը տրամադրում է երաժշտությանը. «Ինձ շատ է դուրս գալիս R & B ոճը, «Դիփ փարփլ» ռոք խումբը: Հաճույքով եմ լսում Լեւոնա Լյուիսի, Էնրիկե Իգլեսիայի, Ակոնի, Ռիհաննայի կատարումները»: Նա նաեւ երկար ժամանակ անցկացնում է հեռուստացույցի առջեւ. «Առաջին հերթին փորձում եմ դիտել հեռարձակվողը ֆուտբոլային հանդիպումները, իսկ եթե ֆուտբոլ չկա եթերում, իսկ ես ունեմ ազատ ժամանակ, ապա նախընտրում եմ դիտել ֆիլմեր: Սիրում եմ մելոդրամաներ: Վերջերս դիտեցի «Շտապիր սիրել» ֆիլմը: Ինձ շատ է դուրս եկել «Կանխազգացում» ֆիլմը: Հավանում եմ նաեւ «Ռոկիի» բոլոր 6 ֆիլմերը, որոնցում գլխավոր հերոսը Սիլվեսթր Ստալոնեն է»:

«Փյունիկի» խաղացողը կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներից է.«Տխրեցի, երբ «Բարսելոնայից» հեռացավ Ռոնալդինոն: Այս ֆուտբոլիստի խաղը ինձ շատ է դուր գալիս: Բայց «Բարսելոնայի» կազմում միայն խաղացողներն են փոխում, իսկ խաղաոճը մնում է նույնը: Կարծում եմ այս մրցաշրջանում «Բարսելոնոն» բոլոր հնարավորությունները ունի հաղթելու թե Իսպանիայի առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում»: Թիմային մարզաձեւերից նրան հետաքրքրում է նաեւ բասկետբոլը. «NBA-ի հանդիպումները դիտելը միշտ էլ հաճելի է: Այստեղ բավական արագ եւ բարձրակարգ բասկետբոլ են ցուցադրում եւ խաղի ընթացքում ձանձրանալ հնարավոր չէ: Խաղացողներից կառանձնացնեի Կոբի Բրայանտին»: