Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՆՐԱՄԱՐՏԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԻ

Սպորտ


«Այս տարվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները ծանրամարտում 63 մեդալի են արժանացել միջազգային պաշտոնական առաջնություններում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:


Նախորդ տարիներին եւս Հայաստանը մեծ թվով մեդալներ է ունեցել ծանրամարտում, սակայն այս տարի հայ ծանրորդները նոր ռեկորդ են սահմանել: «Նախորդ տարիներին ունեցել ենք 49-51 մեդալ, բայց այս տարի աննախադեպ շատ էին մեդալները: Մեր ծանրորդները հաջող հանդես եկան տարբեր տարիքային առաջնություններում: Բացի այդ այս տարի առաջին անգամ անցկացվեց ուսանողական համաշխարհային խաղեր, որոնցում եւս ունեցանք մեծ թվով մեդալներ, իսկ նախորդ տարիներին այս առաջնությունը չէր անցկացվում»,-ընդգծեց Ալավերդյանը:


Ընդհանրապես ծանրամարտը Հայաստանում գործող մարզաձեւերից ամենաշատն է մեդալ նվաճել 2008թ. եւ այդ ցուցանիշով մի քանի անգամ գերազանցում է մյուսներին. «Եթե նայենք Հայաստանում գործող բոլոր օլիմպիական մարզաձեւերով նվաճած մեդալների քանակին, ապա կտեսնենք, որ ընդհանուր մեդալներից մոտ կեսը պատկանում են ծանրորդներին: Սա չափազանցություն թող չթվա, ուղղակի այս տարի մեր ծանրորդները շատ հաջող մրցաշրջան անցկացրին»:


Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ընդծեց, որ մեդալների քանակը 1 կամ 2 տարվա աշխատանքի արդյունք չէ. «Մենք ունենք մարզիկներ, որոնք արդեն մեծ փորձ ունեն ծանրամարտում: Ունենք փորձառու մարզիչներ: Այս տարվա արդյունքները նրանց լավ աշխատանքի արդյունքն են: Իհարկե, աշխատանքները ճիշտ չկազմակերպելու դեպքում նման հաջողությունների չէինք հասնի: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի կազմակերպչական ջիզը մեծ ազդեցություն ունեցավ գրանցված արդյունքներում: Պետք է նշեմ նաեւ, որ մարզիչների ընտրությունը լիովին արդարացրեց իրեն»:


Որպես տարվա գլխավոր իրադարձություն եւ լավագույն արդյունք Փաշիկ Ալավերդյանը նշեց 2008թ. Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի ելույթները. «3 բրոնզե մեդալ ունեցանք օլիմպիական խաղերում: Մեր ծանրորդները կարող էին եւ ավելի լավ արդյունքով վերադառնալ Պեկինից, բայց հոգեբանական որոշ արգելքներ չկարողացան հաղթահարել: Ամեն դեպքում 3 բրոնզե մեդալն էր աննախադեպ արդյունք է Հայաստանի համար»: